«Անասնաբույժ լինելը պատվաբեր աշխատանք է, որովհետև գործ ունես կենդանիների հետ»,- հատուկ հանդերձանքով դեպի անասնագոմ քայլերն ուղղելով համոզիչ ձայնով զրույցը սկսեց Արթուր Տիտանյանը։
Անասնաֆերման, որտեղ հանդիպեցինք Արթուր Տիտանյանին, գտնվում է Տաշիր համայնքում։ Այն կառուցված է ժամանակակից չափանիշներին համապատասխան և ներդաշնակորեն լրացնում է Լոռվա գեղատեսիլ բնությունը՝ ստեղծելով ագրարային կյանքի հիասքանչ տեսարան։
Հենց այս բնապատկերներն են ուղեկցել 60-ամյա անասնաբույժին ամբողջ կյանքում, ազդել մասնագիտության ընտրության վրա։
«Ծնողներս պահում էին խոշոր եղջերավոր կենդանիներ։ Հետաքրքրությունս ու սերս նրանց նկատմամբ հենց այդտեղից է սկսվել»,- մանկությունն է վերհիշում Տիտանյանը՝ հավելելով, որ ծնողները չեն խառնվել և իր ցանկությամբ է անասնաբույժ դարձել։
Բազմամյա աշխատանքային գործունեության ընթացքում համոզվել է, որ կենդանիների կյանքը փրկելով՝ օգնում է մարդկանց։ Այդպիսի մի դրվագի մասին պատմեց մեծ ոգևորությամբ։
«Գիտե՞ք՝ ոչ մեծ ֆերմաներում, ծայրը ծայրին հասցնող ընտանիքներում եկամտի հիմնական աղբյուրը կովերն են ապահովում։ Մի անգամ այդպիսի ընտանիքներից մեկում կովը պետք է ծներ, սակայն բարդություն էր առաջացել։ Չէին կարողացել ճիշտ օգնություն ցուցաբերել և երբ հասա՝ արդեն որոշել էին մորթել։ Ծննդօգնության սարքի միջոցով ինձ հաջողվեց փրկել և՛ կովին, և՛ հորթին։ Չեք պատկերացնի տերերի երջանկության չափը։ Այնքան էին ուրախացել, որ որոշեցին հորթին նվիրել ինձ։ Իհարկե, չվերցրեցի, բայց այդ զգացումը, որ ոչ միայն կենդանիներին փրկեցի, այլ օգնեցի մի ընտանիքի, միշտ ինձ հետ է»,- հպարտության զգացումն ու աչքերի փայլը չի թաքցնում Արթուր Տիտանյանը։
Չնայած իր մասնագիտության նկատմամբ բարեխիղճ վերաբերմունքին՝ Տիտանյանը ցավով է խոսում հանրության կողմից կարծրատիպային ընկալումների մասին, որ անասնաբույժի մասնագիտությունը հիմնականում ասոցացնում են տհաճ հոտերի ու կեղտոտ աշխատանքի հետ։ Հիմնական խնդիրը տեսնում է մասնագիտության մոռացվածության, իրազեկվածության պակասի մեջ։
«Մենք փրկում ենք ոչ միայն կենդանիների կյանքեր, այլ կանխում հանրային հիվանդությունների, համաճարակների տարածումը»,- անասնաբույժների դերի կարևորությունն է ընդգծում մեր զրուցակիցը՝ հոգու խորքում ակնկալելով հանրության փոխարժեք ընկալումն ու համապատասխան վերաբերմունքը։
Մինչդեռ անասնաբույժի աշխատանքը պահանջված լինելով հանդերձ՝ քչերին է գրավում որպես մասնագիտություն։
«Չկա այնպիսի օր, որ անասնաբույժը տնից դուրս գա, բարի գործ չանի ու չվարձատրվի»,- վստահեցնում է Արթուր Տիտանյանը, ընդգծելով, որ լավ մասնագետը գնահատվում ու վարձատրվում է համատախասխանաբար։ Նույնն ասում է անասնաֆերմա այցելող ուսանողներին ու աշկերտներին։ Վերջիններս քոլեջներում դուալ կրթական մոտեցմամբ սովորող ուսանողներն են։
Անասնաբույժի խոսքով՝ վերջին տարիներին մասնագիտության խթանման ուղղությամբ դրական տեղաշարժ է արձանագրվում «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շնորհիվ, որի շրջանակներում անասնաբուժությունը ներդված է դուալ կրթական մոտեցմամբ ուսուցանվող մասնագիտությունների շարքում։
Արթուր Տիտանյանը նաև հույս ունի, որ շատ աղջիկներ կընտրեն այս մասնագիտությունը։
«Այն հնարավորությունները, որ բացում է ոլորտը, մեծ է։ Անպայման չի մտնեն անասնագոմ, կարող են հագնել գեղեցիկ հանդերձանք և աշխատել սննդի անվտանգության բնագավառում, լաբորատորիաներում, կենդանաբուժական դեղատներներում, դեկորատիվ կենդանիների կլինիկաներում»,- անասնաբույժի մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունն փորձում է խթանել Տիտանյանը՝ օգտագործելով իր հետ հարցազրույցի այս առիթը։