«Երբ առաջին անգամ փրկեցի կենդանու` հաստատակամություն ունեցա, որ կենդանիներին հնարավոր է փրկել, եթե համապատասխան գիտելիք ունես»,- 47 տարվա աշխատանքային փորձ ունեցող անասնաբույժ Արմեն Ջաղինյանի համար իր մասնագիտությունն առաջին հերթին գիտություն է և հեռու է ժողովրդական բժշկության մեթոդ լինելուց։
Արմեն Ջաղինյանը ծնվել ու մեծացել է Ստեփանավանում, ավարտել տեղի գյուղատնտեսական քոլեջը, այնուհետև ուսումը շարունակել Սանկտ Պետերբուրգի ագրարային համալսարանում և ստացել համաճարակաբանի մասնագիտացում:
«Մեր կուրսում 270 ուսանող կար, կեսից ավելին՝ աղջիկներ։ Կուզեի, որ Հայաստանում էլ այդպես լիներ»,- Ջաղինյանը նաև փաստում է, որ խորհրդային տարիներին անասնաբուժությունը հարգված ու գնահատված մասնագիտությունների շարքում էր։ Այսօր այն Հայաստանում ծերացող մասնագիտությունների թվին է պատկանում։
«Լավ մասնագետին լավ տեղ են տալիս։ Երբ ծառայության որակից գոհ են մնում՝ հարգում, դարձնում են ընտանիքի բարեկամ»,- Արմեն Ջաղինյանն ուզում է, որ հանրության կողմից անասնաբուժությունն ընկալվի գիտություն լինելու տեսանկյունից, իսկ անասնաբույժներն էլ, իրենց հերթին, մտածեն ճիշտ կերպար ստեղծելու մասին։
Ջաղինյանը վերհիշեց նաև, թե ինչպես գիտելիքներն իրեն օգնեցին հաջողությամբ իրականացնել իր առաջին մասնագիտական առաջադրանքը․
«Դեռ երիտասարդ էի, համալսարանը նոր ավարտած, աշխատանքի էի անցել ֆերմաներից մեկում։ Գիշերային հերթափոխն իմն էր, իսկ երինջներից մեկը պետք է ծներ։ Հասկացա, որ զույգ է ունենալու ու տագնապի զգացում առաջացավ․հնարավոր է չկարողանամ։ Հետո կենտրոնացա ու ծննդօգնություն ցուցաբերեցի։ Հպարտություն ապրեցի, որ կարողացա»,- մեծ բավականությամբ շեշտեց անասնաբույժը։
Ջաղինյանը երկար տարիներ դասավանդում է նաև Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջում։ Համոզված է, որ կենդանիների նկատմամբ ուսանողի մոտ մի փոքր սեր լինելու դեպքում այդ հետաքրքրությունը կարելի է զարգացնել այնպես, որ կրակը բոց դառնա։
«Անասնաբույժների նկատմամբ պետական վերաբերմունքի մեջ դրական փոփոխություն կա։ Գնահատելի է նաև, որ «ՄԱՎԵՏԱ» (Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում) ծրագրի շրջանակներում մասնագիտությունը դուալ կրթական մոտեցմամբ ներդրված է մի շարք քոլեջներում»,- նշեց Ջաղինյանը՝ ընդգծելով, որ ավելի շատ ջանքեր են պետք մասնագիտության ծերացման խնդիրը լուծելու համար։
«Այսօրվա պայմանները մի քանի ագամ բարելավված են, ունենք տեխնիկապես հագեցած անասնաբուժական կետ, որը մասնագիտական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում համայնքի ու մարզի անասնաբույժներին»,- հպարտությամբ նշեց Արմեն Ջաղինյանը՝ շեշտելով, որ աշխատում են առանց հանգստյան օրերի: