NEWSARM

Փորձի փոխանակման այց Մոլդովա

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) և «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրերի շրջանակներում Մոլդովայի Հանրապետությունում է կազմակերպության պատվիրակությունը։

Հունիսի 18-25-ը պատվիրակությունը, երկու ծրագրերի շահառուների ընդգրկմամբ, Մոլդովայում կայցելեն մի շարք առաջատար գինեգործարաններ, որոնք տրամադրում են զբոսաշրջային հետաքրքրիր փորձառություններ:

Այցի շրջանակներում ԼԻԼԱ ծրագրի մասնավոր հատվածի գործընկերները ծանոթանում են միջազգային փորձին, մոլդովական կողմի հետ աշխատանքային քննարկումներ ունենում՝ Հայաստանում զբոսաշրջային իրենց պրոդուկտները զարգացնելու և նորովի ներկայանալու համար:

Հունիսի 19-ին պատվիրակությունը՝ որպես հատուկ հյուր, Քիշնևում մասնակցեց «Անտրիմ» ներքին և ներգնա ցբոսաշրջության ազգային ասոցիացիայի 10 ամյակին նվիրված համաժողովին:

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի համակարգող Ալլա Ղազարյանը համաժողովին ներկայացրեց երկու ծրագրերը, Հայաստանի մարզերն ու համայնքները գաստրո և կայուն զբոսաշրջության միջոցով զարգացնելու ուղղությամբ տարվող աշխատանքները, դրանց առանձնահատկություններն ու ձեռքբերումները:

Իր ելույթում Ալլա Ղազարյանը ընդգծեց զբոսաշրջության կարևորությունը Հայաստանում և Մոլդովայում համայնքների զարգացման ուղղությամբ՝ այս առումով որպես հաջողված փորձ նշելով գաստրո և գինու զբոսաշրջության համադրությունը:

Հունիսի 20-ին ԼԻԼԱ ծրագրի շահառուները, մոլդովական կողմի գործընկեր՝ «Անտրիմ» կազմակերպության ներկայացուցիչների հետ այցելեցին «Կրիկովա» գինու գործարան, ծանոթացան գինեգործության մոլդովական փորձին։

«Կրիկովա» գինեգործարանն իր տեսակով եզակի է աշխարհում և ներկայացնում է Մոլդովայի Հանրապետության ազգային-մշակութային ժառանգությունը: Այն հսկայական ստորգետնյա քաղաք է՝ մինչև 100 մ ստորգետնյա խորությամբ և ավելի քան 120 կմ ստորգետնյա փողոցներով՝ անկախ ենթակառուցվածքով:

Պատվիրակության այցը Մոլդովա շարունակվում է: