«Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԿ) ՀԿ-ն «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում մայիսի 8-ին «Մասնագիտությունների խթանման օր» կազմակերպեց Ստեփանավան քաղաքում։
Լոռու մարզի դպրոցների յոթ տասնյակ աշակերտներին Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջում ողջունեցին ՄԱՎԵՏԱ ծրագրի ՄԿՈՒ խորհրդատու Լիլիթ Բեգլարյանը, քոլեջի տնօրեն Արա Չոբանյանը և միջոցառման այլ ներկայացուցիչներ։
ՄԱՎԵՏԱ ծրագրի ՄԿՈՒ խորհրդատու Լիլիթ Բեգլարյանը ներկայացրեց քոլեջում դուալ կրթական մոտեցմամբ ուսուցանվող մասնագիտությունները, այս համակարգի առավելությունները, աշխատաշուկայում գյուղատնտեսական կրթություն ունեցող մասնագետների պահանջարկն ու կարիերայի հեռանկարները։
Աշակերտները դիտեցին գյուղատնտեսական քոլեջի ուսանողների ցուցադրական լաբորատոր փորձը վարակիչ հիվանդությունների ախտորոշման վերաբերյալ և հետևեցին կաթնաշոռի պատրաստման ընթացքին։
Այնուհետև դպրոցականները շրջայց կատարեցին քոլեջում, ծանոթացան ուսանողական առօրյային և հանդիպեցին ՄԱՎԵՏԱ ծրագրի ու քոլեջի գործընկեր մասնավոր ընկերությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ, լսեցին նրանց պատմությունները գյուղատնտեսության ոլորտում հաջողած փորձի մասին։
Օրվա երկրորդ կեսին աշակերտների մի խումբն այցելեց «Լոռվա կաթ» կաթի արտադրամաս, ներկա գտնվեց չեչիլ տեսակի պանրի արտադրման ընթացքին, իսկ մյուս խումբը՝ Մերուժան Ղարիբյանի «խելացի» անասնաֆերմա, ծանոթացավ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ անասնագոմերի և կաթնարանների կառուցմանը, որոնք աշխատում են ավտոմատացված ռեժիմով՝ մարդկային աշխատուժի նվազագույն կիրառմամբ։

