«Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԿ) ՀԿ-ի «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում իրականացվող «Մասնագիտական խթանման օր» միջոցառումների շարքը Սյունիքի մարզում է։
Մայիսի 11-ին Գորիս համայնքի մի խումբ բնակավայրերի ութսունից ավելի աշակերտներ Խոտ գյուղում ծանոթացան Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում ուսուցանվող գյուղատնտեսական մասնագիտություններին։
Ողջունելով մասնակիցներին՝ ՄԱՎԵՏԱ ծրագրի ՄԿՈՒ խորհրդատու Լիլիթ Բեգլարյանը ներկայացրեց քոլեջում դուալ կրթական մոտեցմամբ ուսուցանվող մասնագիտությունները, որոնց թվում են կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիան, կաթնաֆերմայի կառավարումը, ֆերմերային տնտեսության կառավարումը, անասնաբուժությունը, գյուղատնտեսության մեքենայացումը։ Իր խոսքում Լիլիթ Բեգլարյանը ընդգծեց գյուղոլորտում ժամանակակից նորարարական տեխնոլոգիաների ներդրման հաջողված փորձն ու աշխատաշուկայում գյուղատնտեսական կրթություն ունեցող մասնագետների պահանջարկը և կարիերայի հեռանկարները։
Գորիսի գյուղատնտեսական քոլեջի տնօրեն Աննա Տոռոզյանն իր ելույթում կարևորեց գյուղատնտեսական կրթություն ունեցող մասնագետների դերը համայնքների և Սյունիքի մարզի զարգացման համար, հավաստիացրեց աշակերտներին, որ քոլեջի դասավանդողների պրոֆեսիոնալիզմն ու մասնավոր ընկերությունների հետ համագործակցությունը բավարար հիմք են որակյալ ուսում ստանալու և երաշխավորված աշխատանք գտնելու տեսանկյունից։
Այնուհետև դպրոցականները ներկա գտնվեցին քոլեջի դասավանդող Լիլիթ Ավետիսյանի և ուսանողների կողմից կաթի լաբորատոր փորձաքննության իրականացման ու սուլուգունի տեսակի պանրի արտադրման ցուցադրությանը, այցելեցին «Դը Ռանչ» ՍՊԸ տարածքում գտնվող կենդանիներին, հետևեցին անանսնաբույժ Արմո Գաբրիելյանի կողմից մաստիտի բացահայտման ցուցադրական փորձին, ինչպես նաև հարցուպատասխան ունեցան քոլեջի դասավանդողների և գործատուների հետ։
Միջոցառումն ավարտվեց դուալ կրթական մոտեցման մասին անիմացիոն ֆիլմի դիտմամբ և հյուրասիրությամբ։

