«Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի կողմից սույն թվականի հունվարի 28-ից մինչև փետրվարի 2-ը Հայաստանի կաթ վերամշակողների համար կազմակերպվեց փորձի փոխանակման այց դեպի Լեհաստան: Այցը կազմակերպվել էր Վարշավայի ագրարային համալսարանի հետ համագործակցության շրջանակներում: Մասնակցում էին թվով 20 մասնագետներ՝ վերամշակողներ, ինչպես «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ – հյուսիս ծրագրի» թիրախային համայնքներից, այնպես էլ «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի թիրախային համայնքներից: Այցին մասնակցում էին, ինչպես փոքր և միջին մեծության ընկերություններ և գյուղատնտեսական կոոպերատիվներ՝ Հայկավան կաթ և Երփին, այնպես էլ խոշոր վերամշակողներ՝ Էլոլա, Մարիաննա, Սիս-Ալպ, Լոռվա Կաթ և այլն:
Այցելության ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալ ֆերմերային տնտեսության կառավարման, կաթի արտադրության, հավաքման, տեղափոխման և վերամշակման լավագույն փորձին: Լեհաստանի խոշորագույն կաթնամթերքի արտադրական ձեռնարկություն և ֆերմա նախատեսված այցերը հնարավորություն ընձեռեցին համագործակցություն հաստատել լեհական ընկերությունների և մասնագետների հետ, տեսնել և փորձարկել նոր սարքավորումներ, սովորել որակյալ կաթնամթերք արտադրելու նոր լուծումներն ու մեխանիզմները:
Մեկ այլ լավ հնարավորություն էր մասնակիցների համար այցը Central Agriculture Trade 2019 EXPO- ին, որի ժամանակ մասնակիցները ծանոթացան Լեհաստանից և այլ Եվրոպական երկրներից գործընկերների հետ, քննարկեցին հնարավոր համագործակցությունը և ծանոթացան գյուղատնտեսության ոլորտում առկա ձեռքբերումներին ու ժամանակակից և արդյունավետ լուծումներին:
Լեհաստան կատարած այցը հիանալի հնարավորություն ընձեռեց հանդիպել Լեհաստանի մասնագետների հետ, քննարկել տեղական խնդիրները և համեմատել դրանք հայկական կաթնամթերքի արտադրության ոլորտում առկա նմանատիպ խնդիրների հետ, փորձելով արդյունավետ լուծումներ գտնել կիրառելի բոլոր կաթնամթերք արտադրող ընկերությունների համար:







