«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում հունիսի 22-23-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ դասընթաց՝ ՄԿՈՒ ոլորտը լուսաբանող լրագրողների և ծրագրի գործընկեր քոլեջների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Կազմակերպության հաղորդակցման և գենդերի մասնագետ Աննա Պողոսյանը երկօրյա դասընթացի մասնակիցներին ներկայացրեց ՄԿՈՒ ոլորտի լուսաբանման առանձնահատկությունները, մասնավորապես՝ կանանց ու խոցելի խմբերի ներգրավվածության խթանման տեսանկյունից։
ՄԱՎԵՏԱ ծրագրի ՄԿՈՒ խորհրդատու Լիլիթ Բեգլարյանը ներկաներին ընդհանուր տեղեկություններ հաղորդեց «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» ծրագրի նպատակների ու ընթացիկ աշխատանքների մասին։
Դասընթացի երկրորդ օրը փորձագետ Արթուր Բաղդասարյանը լրագրողների ու քոլեջների ներկայացուցիչների համար խոսեց դուալ կրթական մոտեցմամբ ուսումնառության տեղեկատվական ռազմավարության, ՄԿՈՒ համակարգի և զանգվածային լրատվամիջոցների մշտադիտարկման արդյունքների և սոցիալական ցանցերում ՄԿՈՒ հաստատությունների էջերի ներկայացման առանձնահատկությունների մասին։
ՄԿՈՒ հաստատությունների ներկայացուցիչներն իրենց ելույթներում անդրադարձան քոլեջներում դուալ կրթական մոտեցմամբ ներդրված մասնագիտություններին, մասնավոր հատված գործընկերների հետ համագործակցելու փորձին։
Այնուհետև ինտերակտիվ քննարկման միջոցով լրագրողներն ու քոլեջների ներկայացուցիչները վերհանեցին իրենց հուզող հարցերն ու մտահոգությունները, համագործակցության հնարավորությունները։

