«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում նոյեմբերի 25-ին Սյունիքի մարզի դը Ռանչի ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ «Գենդերային և սոցիալական զգայուն մոտեցումների ինտեգրումը գյուղատնտեսական մասնագիտություններում» թեմայով դասընթաց, որը վարեց ՌԶԳ գենդերային հավասարության մասնագետ Մարիամ Մելիքյանը։
Դասընթացին մասնակցեցին ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկեր քոլեջների դասավանդողները և մասնավոր հատվածի ներկայացուցիչները։
Մասնագետը ներկայացրեց Հայաստանում առկա գենդերային իրավիճակի գնահատումը, միջազգային փորձն ու տենդենցները։ Ինտերակտիվ քննարկումների և խմբային աշխատանքների ժամանակ մասնակիցները անդրադարձան միջին մասնագիտական կրթական հաստատություններում, մասնավորապես՝ գյուղատնտեսական մասնագիտություններով սովորող ուսանողների գենդերային և սոցիալական ինտեգրման խնդիրներին ու հիմնահարցերին։
Դասընթացի ընթացքում արդրադարձ կատարվեց նաև Հայաստանում միջին մասնագիտական կրթական հաստատություններում, ինչպես նաև գյուղատնտեսական մասնագիտություններում սոցիալական ներառականության հիմնահարցերին, որի ընթացքում մասնագետը կիսվեց գործնական մի շարք խորհուրդներով սոցիալապես խնդրահարույց անձանց հետ արդյունավետ աշխատանքներ տանելու համար։
Դասընթացի ընթացքում իրականացված քննարկումը հնարավորություն ընձեռեց ընդգծել գյուղատնտեսության ոլորտում կանանց ներգրավվածության, սոցիալական ներառականության և հանրային ընկալումներում նրանց դերի բարձրացման անհրաժեշտությունը։
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ:

