NEWSARM

«Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի ղեկավար կոմիտեի նիստ

Նոյեմբերի 20-ին Գյումրիի սելեկցիոն կայանում տեղի ունեցավ «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի ղեկավար կոմիտեի տարեվերջյան նիստը։

Ավստրիական զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապպերը, ՀՀ ԷՆ անասնաբուծության վարչության պետ Տիգրան Ալեքսանյանը, Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, Ռազմավարական զարգացման գործակալություն ՀԿ նախագահ Մկրտիչ Այվազյանը, Գյումրիի սելեկցիոն կայանի տնօրեն Նորիկ Մկրտչյանը, ծրագրի թիրախային համայնքների ներկայացուցիչներ։

«Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի առաջընթացի ու մինչև այժմ գրանցված արդյունքների մասին ներկայացրեց ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանը։

«Տավարաբուծության ճյուղում մթերատվության բարձրացման փորձնական և համազգային ծրագրերի» իրականացման վերաբերյալ ՌԶԳ-ի հնարավոր ներգրավվածության ուղղությունների մասին ներկայացրեց կենդանիների առողջության և բուծման մասնագետ Միքայել Հայկունին։

Ընդգծվեց, որ «Գյումրու տոհմակայանի» հիմնումը և շահագործումը թույլ կտա նպաստել հանրապետությունում ԽԵԿ-ի մթերատվության բարձրացմանը։

ՀՀ ԷՆ անասնաբուծության վարչության պետ Տիգրան Ալեքսանյանը  ներկայացրեց մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի իրականացման պետական մոտեցումները։

Հանդիպմանը ՌԶԳ-ն հանդես եկավ անասնապահության ոլորտում  ևս մեկ կարևոր ծրագրային նախաձեռնությամբ՝ ուղղված նախրաքաշի կարգավորմանը։ Այն  հոտերի և նախիրների արածեցման սեզոնային տեղաշարժի համակարգված կազմակերպումն է։

Այնուհետև հանդիպման մասնակիցները մտքեր փոխանակեցին ոլորտում տեղական, պետական ու միջազգային  ներգրավվածությամբ հնարավոր համագործակցության շուրջ։

«Անասնապահության զարգացում Հայաստանում. հարավ-հյուսիս 2» ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավորի` Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: