NEWSARM

MAVETAtalks. կանայք ՄԿՈՒ և գյուղատնտեսության ոլորտում

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում փետրվարի 25-26-ը Դիլիջանում տեղի ունեցավ «MAVETAtalks․ կանայք ՄԿՈՒ և գյուղատնտեսության ոլորտում» խորագրով երկօրյա միջոցառում, որին մասնակցեցին ծրագրի գործընկեր Ստեփանավանի գյուղատնտեսական և Բերդի բազմագործառութային պետական քոլեջների ուսանողներ ու դասավանդողներ, աշակերտներ և մասնավոր հատվածի գործընկերներ։

Միջոցառման նպատակն էր բարձրացնել Լոռու և Տավուշի մարզերի դպրոցների աշակերտների հետաքրքրությունը գյուղատնտեսական մասնագիտությունների նկատմամբ և ցուցադրել ոլորտի առավելություններն ու մասնագետների պահանջարկը։

ՄԱՎԵՏԱ ծրագրի ՄԿՈՒ խորհրդատու Լիլիթ Բեգլարյանը ներկայացրեց ծրագրով ներդրված դուալ ուսուցմամբ մասնագիտություններն ու արդեն իսկ արձանագրված հաջողությունները։

HEKS/EPER կազմակերպության ՄԿՈՒ ավագ խորհրդատու Մոնիկ Ֆրեյերն ողջույնի իր խոսքում  անդրադարձավ ոլորտում առկա հիմնախնդիրներին,  լավագույն միջազգային՝ շվեյցարական փորձին, այն Հայաստանում ինտեգրելու և տեղայնացնելու ջանքերին։

MAVETAtalks ձևաչափով ելույթների միջոցով ՄԿՈՒ  և մասնավոր հատվածի ներկայացուցիչները խոսեցին իրենց փորձի ու հաջողությունների մասին, հղեցին մոտիվացիոն ուղերձներ։

Միջոցառման երկրորդ մասում՝ «Գենդերային հավասարությունը ՄԿՈՒ ոլորտում․ գյուղատնտեսության մեջ արգելքների հաղթահարում և հնարավորությունների ստեղծում» խորագրով պանելային քննարկման ընթացքում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի գենդերային հավասարության մասնագետ Մարիամ Մելիքյանը ներկայացրեց գենդերային հավասարության և սոցիալական ներառականության վերաբերյալ  հայաստանյան վիճակագրությունը՝ համեմատություններ անելով միջազգային փորձի հետ։

Այնուհետև մասնակիցները քննարկեցին գյուղատնտեսական մասնագիտությունների և ոլորտում գոյություն ունեցող գենդերային կարծրատիպերը, խնդիրները և գենդերազգայուն մոտեցումների որդեգրման անհրաժեշտությունը։

Դերային խաղի միջոցով դպրոցականները հնարավորություն ունեցան արտահայտելու գյուղատնտեսական մասնագիտությունների մասին իրենց կարծիքն ու պատկերացումները ոլորտի վերաբերյալ։

 

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: