NEWSARM

Քննարկում ՏԻՄ ներկայացուցիչների հետ՝ ուղղված ոռոգվող գյուղատնտեսության զարգացմանը

Ս․թ․ դեկտեմբերի 18-ին  «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակներում կազմակերպվեց հանդիպում-քննարկում ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերի ՏԻՄ ներկայացուցիչների հետ:

Միջոցառումը նպատակ ուներ ներկայացնել տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցչներին ծրագիրն ու ծրագրի շրջանակներում իրականացվելիք միջամտությունները։

Եվրոպական միության միջոցով (ԵՄ) ֆինանսավորվող և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) կողմից իրականացվող այս համապարփակ ծրագիրը նպատակ է հետապնդում վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում, ներդնելով նորարարական և կայուն մեխանիզմներ չորս հիմնական ուղղություններով գործարկման համար՝ բարձրարժեք գյուղատնտեսության խթանման, շուկայավարման, վերամշակման կոոպերատիվների ստեղծման ու հողերի կոնսոլիդացիայի։

Ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի գլխավորած «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից, որը հանդես է գալիս որպես ծրագրի օպերատոր՝ նպատակ ունենալով ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ թիրախային ոլորտներում գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակման գործում։

Միջոցառումը մեկնարկեց Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) ծրագրի ղեկավար Լիզ Էնեզյանի ողջույնի խոսքով, ով կարևորեց միջոցառման նշանակությունը՝ տարածքային ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ երկխոսության ձևավորման և փոխգործակցության ամրապնդման տեսանկյունից։

Տկն․ Էնեզյանին ողջույնի խոսքով հաջորդեց «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի թիմի ղեկավար Ստեֆան Ռոզնոուն, ով հակիրճ ներկայացրեց ծրագրի հիմնական ուղղություններն ու նպատակները: Նա նաև ընդգծեց գյուղատնտեսական խորհրդատվության հասանելիության կարևորությունը՝ ոլորտի զարգացման, արտադրողականության բարձրացման և համայնքներում նորարարական մոտեցումների ներդրման համար։

Միջոցառումը հնարավորություն ընձեռեց քննարկել ծրագրի թիրախային մարզերում գյուղատնտեսության ոլորտի խնդիրները, գյուղատնտեսական աջակցության ծառայությունների հասանելիությունը և դրա կարևորությունը մարզերի տնտեսական զարգացման համատեքստում։