«Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի շրջանակներում «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հայկական հիմնադրամի ներկայացուցիչների հետ համատեղ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի աշխատանքային թիմը՝ ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ հունիսի 28-ին փորձի փոխանակման այց կատարեց Գեղարքունիքի մարզի Վարդենիսի խոշորացված համայնք:
Վարդենիսի տարածաշրջանում կազմակերպության թիմն այցելեց ծրագրի շահառու «Երեմ Պետրոսյան» ԱՁ-ին պատկանող առաջատար ֆերմա, ծանոթացավ ծրագրի աջակցությամբ Ավստրիայից ներմուծված բարձր մթերատու ԽԵԿ-երին, ֆերմայում բարելավված ենթակառուցվածքներին։
Այնուհետև շրջայց կատարվեց ծրագրի մեկ այլ շահառու՝ Արմենուհի Հարությունյանին պատկանող կերարտադրության ենթաբաղադրիչով կորնգանի ցանքատարածություններում։
Վերամշակող գործընկեր «Ռոզա 1» գյուղատնտեսական կոոպերատիվում ներկայացվեցին ծրագրային միջամտությունները, հնարավոր համագործակցության շրջանակները։
Լուսակունք բնակավայրում ծրագրի աջակցությամբ հիմնված անասնաբուժական կետում կազմակերպության աշխատանքային թիմը հանդիպեց անասնաբույժ Հրանտ Գասպարյանի հետ։ Վերջինս ներկայացրեց ծրագրի շրջանակներում հիմնված անասնաբուժական կետի գործունեության հիմնական ուղղությունները։
Օրվա ավարտին այցելություն իրականացվեց Վարդենիս խոշորացված համայնքում գործող սպանդանոց, որտեղ ներկայացվեցին իրականացված ծրագրային միջամտությունները և քննարկվեցին համագործակցության հեռանկարները։

