NEWSARM

Մեկնարկեց “Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում” ծրագիրը

2024 թվականի հոկտեմբերի 31-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեխնիկական աջակցություն տրամադրող կոնսորցիումի հետ համագործակցությամբ կազմակերպել է «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի մեկնարկային հանդիպումը։ «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։ 

 

Այս ծրագիրը կենտրոնացած է ոռոգման ենթակառուցվածքների արդիականացման և գյուղատնտեսական պրակտիկայի բարելավման վրա՝ ավելի կայուն և արդյունավետ գյուղատնտեսական համակարգ կառուցելու համար:

Անդրադառնալով և՛ ջրի կառավարմանը, և՛ գյուղատնտեսության զարգացմանը՝ ծրագիրը նպատակ ունի աջակցել Արարատի և Արմավիրի մարզերի ֆերմերներին և շահագրգիռ կողմերին:

Ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի, «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից։

Այդ բաղադրիչի շրջանակներում ինստիտուցիոնալ աջակցություն է տրամադրվում ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ ուղղված թիրախային ոլորտներում գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակմանը:

Միջոցառումը մեկնարկեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի ողջույնի խոսքով, ով նշեց, որ այս ծրագիրը նոր էջ կբացի Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի համար՝ նպաստելով Կառավարության կողմից ոռոգման ոլորտի ընթացիկ բարեփոխումների իրականացմանը, ոռոգվող գյուղատնտեսության զարգացմանն ուղղված նորարարարական կայուն մեխանիզմների ներդրմանը, ֆերմերների որակյալ ուսուցման ծրագրի միջոցով վերջիններիս գյուղատնտեսական փորձի համապատասխանեցմանը ներկայիս պահանջներին և բարձր ավելացված արժեք ապահովող մշակաբույսերի մշակման ընդլայնմանը։ 

Պարոն Խոջոյանին հաջորդեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը, ով ընդգծեց գյուղատնտեսության զարգացման համար ենթակառուցվածքների առկայության կարևորությունը։ «Ծրագիրը հատկապես կարևոր է Հայաստանի գյուղատնտեսության զարգացման և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման տեսանկյունից», – ընդգծեց պարոն Տերտերյանը։ 

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսը խոսեց ԵՄ աջակցության և Հայաստանի համար ծրագրի կարևորության մասին։ «Ուրախ ենք, որ մենք արդեն այս փուլում ենք, այս ծրագիրն երկար սպասված ծրագիր է։ Արարատն ու Արմավիրը կարևոր մարզեր են գյուղատնտեսության զարգացման տեսանկյունից։ Հուսով ենք այս ծրագրի շնորհիվ կգրանցենք արտադրողականության աճ և այն կձևափոխի Հայաստանի գյուղատնտեսության պատկերը»,- ասաց պարոն Հեսը:

Զարգացման ֆրանսիական Գործակալության հայաստանյան ծրագրի պատասխանատու Լիզ Էնեզյանը խոսեց  ծրագրի համագործակցային մոտեցման մասին, -«Մենք ունենք Եվրոպական և ֆրանսիական փորձ, ինչպես նաև ծրագիրն իրականացնող թիմի բարձր որակավորում, մենք վստահաբար գրանցելու ենք հաջողություններ»։

Ողջույնի ելույթներին հաջորդեց ծրագրի ներկայացումը՝ կոնսորցիումը ղեկավարող «Ագրո Քընսալթինգ Եվրոփ» ընկերության թիմի ղեկավար Ստեֆան Ռոզնոուի կողմից։ Նա անդրադարձ կատարեց ծրագրի նպատակներին և ներկայացրեց ծրագրի կառուցվածքն ու նախատեսվող միջամտությունները։ 

Միջոցառման ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան ոչ միայն ծանոթանալու ծրագրի նպատակներին, այլև ծրագրի ուղղություններին, ինչպիսիք են՝ գյուղատնտեսական կայուն խորհրդատվական համակարգի ստեղծումը, փոքր ֆերմերային տնտեսությունները ներկայացնող ֆերմերներին թիրախելու համար ռազմավարության մշակումը, բարձրարժեք գյուղատնտեսության իրականացումը և ժամանակակից, արդյունավետ ոռոգման համակարգերի ներդրումը։

Միջոցառմանը ներկա էին կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների, ջրային կոմիտեի, քաղաքացիական հասարակության, գիտական և կրթական կառույցների ներկայացուցիչներ։ 

Միջոցառումը ավարտվեց աշխույժ քննարկմամբ, որն ընդգծեց համագործակցության կարևորությունը կլիմայի փոփոխության մարտահրավերների և Հայաստանում գյուղատնտեսական պրակտիկայի բարելավման գործում: