NEWSARM

ԼԻԼԱ ծրագիրը՝ ITB-Berlin 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

Մարտի 4-6-ը Բեռլինում ընթանում է ITB-Berlin 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որին ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն Հայաստանը ներկայացնում է միասնական մեծ տաղավարով։

ITB-Berlin 2025-ին «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի աջակցությամբ մասնակցում են նաև ծրագրի գործընկերներ Նուեվա վիստա և Ռուբենտուրս տուրօպերատորները։

1966 թվականից ի վեր ITB Berlin-ը հանդիսանում է համաշխարհային ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի առաջատար հարթակը: Այս տարի այն անց է կացվում «Այստեղ է ապրում ճանապարհորդության աշխարհը» կարգախոսի ներքո։  Ցուցահանդեսին ներկայացված են շուկայի այնպիսի հատվածներ, ինչպիսիք են արկածային տուրիզմը, բիզնես ճանապարհորդությունը, բժշկական զբոսաշրջությունը և ճամփորդական տեխնոլոգիաները:

Ցուցահանդեսին մասնակից ԼԻԼԱ ծրագրի գործընկեր-տուրօպերատորները և ծրագրի համակարգող Ալլա Ղազարյանը տարբեր ձևաչափի հանդիպումների միջոցով այցելուներին, ոլորտի մասնագետներին ու հնարավոր գործընկերներին են ներկայացնում Հայաստանի արկածային զբոսաշրջային գրավչությունը և բնահեն փորձառությունները, ինչպես նաև ԼԻԼԱ ծրագրի շրջանակում ստեղծված կայուն, ներառական զբոսաշրջային արդյունքները։

Մասնակցությունը ցուցահանդեսին նպատակ ունի ցուցադրել երկրի զբոսաշրջային ներուժն ու առաջարկները միջազգային հարթակում՝ դեպի Հայաստան ավելի շատ զբոսաշրջիկներ ներգրավելու և նպաստելու համայնքային կայուն զարգացմանը:

ԼԻԼԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ: