NEWSARM

Այց՝ ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկեր քոլեջներ

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) պատվիրակությունը մարտի 5-ին և մարտի 7-ին այցելեց ծրագրի գործընկերներ Էջմիածնի պետական արհեստագործական ուսումնարան և ՀԱԱՀ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջ։

 

Պատվիրակության կազմում էին կազմակերպության Հարավային Կովկասի ծրագրերի պատասխանատու Իրինա Փեյերը, Հվ․ Կովկասի գրասենյակի տնօրենի տեղակալ, Հայաստանում Շվեյցարիայի փոխդեսպան Ուրսուլա Լաուբլին, ազգային ծրագրերի ավագ համակարգող Արթուր Փոքրիկյանը և HEKS/EPER կազմակերպության ՄԿՈՒ ավագ խորհրդատու Մոնիկ Ֆրեյը և ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը։

 

Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ներկայացուցիչները շրջայց են կատարել քոլեջներում, ծանոթացել նրանց կարողությունների, ուսուցանվող մասնագիտությունների, տեխնիակական հագեցվածության հետ, աjնուհետև քոլեջների ղեկավար կազմի հետ քննարկել ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում դուալ ուսուցմամբ ներդրված այգեգործություն և անասնաբուժություն մասնագիտություններով ուսումնական գործընթացի կազմակերպման, ոլորտի՝ ՄԿՈՒ օրենքով կարգավորումների, քոլեջ-գործատու համագործակցության և աշխատաշուկայի պահանջարկի հետ կապված հարցերի լայն շրջանակ։

 

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: