NEWSARM, Family Projects

«Ահնիձոր» հյուրատան բացման արարողություն

Ս.թ. հունիսի 11-ին ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի Ահնիձոր բնակավայրում տեղի ունեցավ «Ահնիձոր» հյուրատան բացման արարողությունը: Հյուրատունը կառուցվել է «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի աջակցությամբ։ Հայաստանում Ծրագիրն իրականացվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) աջակցությամբ, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:

«Ահնիձոր» հյուրատունը  հայ նկարիչ Խաչիկ Ղարաբեկյանի տունն է եղել, իսկ այժմ  ծրագրի աջակցությամբ այն վերակառուցվել է և վերաձևափոխվել է «Նկարչի Տուն/Artist Residency» կոնցեպտով  հյուրատան, որը հյուրերին առաջարկում է անմոռանալի տպավորություններ, մշակութային ծրագրեր և միջոցառումներ, ինչպես նաև բնահեն փորձառություններ՝ կապելով իրար բնությունն ու արվեստը:

Միջոցառմանը ներկա էին Շվեյցարիայի Համադաշնության փոխդեսպան, Հարավային Կովկասում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գրասենյակի (SDC) տարածաշրջանային տնօրենի տեղակալ Ուրսուլա Լաուբլին, WWF Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը, ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի ղեկավար  Սուրեն Թումանյանը և  Ահնիձոր բնակավայրի վարչական ղեկավար Արման Մաթևոսյանը, ինչպես նաև  զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներ։

Միջոցառումը մեկնարկեց Հարավային Կովկասում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գրասենյակի (SDC) տարածաշրջանային տնօրենի տեղակալ Ուրսուլա Լաուբլիի ողջույնի խոսքով, ով կարևորեց նմանատիպ նախաձեռնությունների առկայությունը մարզերում, քանի որ դրանք նպաստում են համայնքների զարգացմանը՝ նոր աշխատատեղեր ստեղծելով:

Տիկին Լաուբլիին հաջորդեց WWF Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը, ով նշեց բնության հետ համահունչ ապրելու կարևորությունը և այն, որ նմանատիպ հյուրատներն ունեն բնության պահպանմանը միտված կոնցեպտուալ հիմքեր:

Ահնիձոր բնակավայրի վարչական ղեկավար՝ Արման Մաթևոսյանը հույս հայտնեց, որ համայնքի միակ հյուրատունը կարճ ժամանակաշրջանում կդառնա զբոսաշրջիկների սիրված վայրը:

Կարմիր ժապավելի կտրման հանդիսավոր արարողությանը և ողջույնի խոսքերին հաջորդեց հյուրատան տարածքով շրջայցը: