Ի՞նչ են ՄԱՎԵՏԱ աշկերտները պատկերացնում, երբ մտածում են իրենց ընտրած մասնագիտության մասին։ Ի՞նչ պատկերներ, գույներ, տեխնոլոգիաներ, հմտություններ և գաղափարներ են առաջինը գալիս նրանց մտքին։ Իսկ ամենակարևորը՝ ինչպիսի՞ն են նրանք պատկերացնում այս մասնագիտությունների ապագան։
Մասնագիտության մասին երիտասարդների պատկերացումները կարևոր են ոչ միայն այն պատճառով, որ դրանք արտացոլում են նրանց հետաքրքրություններն ու սպասումները։ Դրանք նաև ցույց են տալիս, թե ինչպես է փոխվում գյուղատնտեսության ընկալումը՝ ավանդական պատկերացումներից դեպի տեխնոլոգիական, կառավարչական և նորարարական մասնագիտություններ։
ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում այս հարցերի շուրջ աշխատեցին «Ջերմատնային տնտեսություն» և «Ֆերմերային տնտեսության կառավարում» մասնագիտությունների աշկերտները՝ ՄԱՎԵՏԱ գործընկեր բոլոր քոլեջներից։
Հանդիպման ընթացքում նրանք իրենց պատկերացումները վերածեցին Mood Board-երի՝ ընտրելով և համադրելով պատկերներ, գաղափարներ ու ասոցիացիաներ, որոնք իրենց համար բնորոշ են այս մասնագիտություններին։
Նրանց աշխատանքներում գյուղատնտեսությունը ներկայացավ ոչ միայն որպես արտադրություն, այլև որպես գիտելիքի, տեխնոլոգիայի, կառավարման և նորարարության համադրություն՝
- ժամանակակից տեխնոլոգիաներ և ավտոմատացում,
- նորարարական և կայուն գյուղատնտեսություն,
- արդյունավետ ոռոգման և արտադրության համակարգեր,
- տվյալների վրա հիմնված կառավարում և պլանավորում,
- նոր գաղափարներ, ստեղծարարություն և ձեռնարկատիրական մտածողություն,
- գործնական հմտություններ և մասնագիտական զարգացում։
Այսպիսով, Mood Board-երը դարձան մի փոքրիկ «պատուհան» դեպի այն, թե ինչպես են երիտասարդները տեսնում իրենց մասնագիտությունները՝ այսօր և ապագայում։
Եվ այս աշխատանքը պարզապես ստեղծագործական վարժություն չէր։ Աշկերտների ընտրած պատկերներն ու գաղափարները հիմք կդառնան «Ջերմատնային տնտեսություն» և «Ֆերմերային տնտեսության կառավարում» մասնագիտություններին նվիրված անիմացիոն բովանդակության համար։
Այդ բովանդակության միջոցով մասնագիտությունները կներկայացվեն հենց երիտասարդների տեսանկյունից՝ ցույց տալով, որ ժամանակակից գյուղատնտեսական մասնագիտությունները ներառում են ոչ միայն հողն ու արտադրությունը, այլև տեխնոլոգիաները, կառավարման հմտությունները, նորարարությունը և ապագայի մասնագիտությունները։
Մասնակցել են ՄԱՎԵՏԱ գործընկեր հետևյալ քոլեջների աշկերտները՝
- ՀԱԱՀ Ա․Ե․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջ
- Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջ
- Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ
- ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղ
- Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ), Ռազմավարական զարգացման գործակալությունը և Բեռնի կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցը:

