«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում օգոստոսի 25-26-ը Սյունիքի մարզում տեղի ունեցավ «Մեղվապահության հիմունքները․ մեղրամթերքի արտադրություն, մարքեթինգ» թեմայով կարճաժամկետ դասընթաց՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և տեղացի խոցելի խմբերի համար։
Դասընթացը վարեց «Մեղվաբուծության դարբնոց գիտակրթական կենտրոնի» ներկայացուցիչ Տիգրան Սեդրակյանը։
Քննարկման ընթացքում մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց ծանոթանալու մեղվապահության հիմունքներին, մեղրի արտադրության գործընթացների արդյունավետ կազմակերպման հիմնարար նախադրյալներին, ինչպես նաև մեղվամթերքի իրացման մեխանիզմներին, վաճառքի կազմակերպման առանձնահատկություններին և ոլորտի իրավական կարգավորումներին։
Դասընթացի ընթացքում մասնակիցները ձեռք բերեցին գործնական գիտելիքներ և մոտեցումներ՝ տեղական համայնքներում մեղվաբուծական գործունեություն սկսելու և ծավալելու համար։
ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, HEKS/EPER ՀԿ–ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ–ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ–ն:
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և HEKS/EPER ՀԿ–ն՝ ՌԶԳ–ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ։

