NEWSARM

LILA ծրագիրը ամրապնդում է արկածային զբոսաշրջության մասնագիտական ներուժը Հայաստանում

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շրջանակում ավարտվեց «Լեռնային, սպորտային և արկածային զբոսաշրջության զարգացման նպատակով կարողությունների հզորացման» խորացված դասընթացը։

Դասընթացի ընթացքում մասնակիցները խորացրեցին իրենց գիտելիքներն ու հմտությունները արկածային զբոսաշրջության պլանավորման, երթուղիների կազմման, անվտանգության ապահովման և արտակարգ իրավիճակներում արդյունավետ գործելու ուղղությամբ։

Տեսական և գործնական բաղադրիչների համադրությամբ իրականացված դասընթացը եզրափակվեց Լոռու լեռնային միջավայրում՝ դաշտային վարժանքներով, որտեղ մասնակիցները հնարավորություն ունեցան գործնականում կիրառել դասընթացի ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու տեխնիկական հմտությունները։

Դասընթացը վարել են «Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի» փորձառու մասնագետները՝ Սուրեն Դանիելյանը, Անտուան Անանյանը, Էդգար Նավասրդյանը, Նարինե Ճաղարյանը և Գեղամ Ալոյանը։

Այս նախաձեռնությունը կարևոր ներդրում է Հայաստանի արկածային զբոսաշրջության որակական զարգացման և անվտանգության բարձր ստանդարտների ձևավորման գործում՝ նպաստելով ոլորտի մասնագիտական կարողությունների ամրապնդմանը։

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագիրն իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան) «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ–ի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից։