2025թ․ նոյեմբերի 28-ին կայացավ «Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագրի պաշտոնական մեկնարկային միջոցառումը, որը համախմբեց պետական և մարզային կառույցների, միջազգային և տեղական գործընկերների, ոլորտային փորձագետների, ինչպես նաև թիրախային մարզերի վարչական ներկայացուցիչներին։
Միջոցառման ընթացքում առանձնահատուկ շեշտադրվեց Հայաստանի անասնապահության ոլորտում պետական քաղաքականության շարունակական զարգացման ու ոլորտային բարեփոխումների կարևորությունը։
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն իր ելույթում ընդգծեց, որ անասնապահության զարգացումը կառավարության համար ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություն է՝ միտված գյուղական տնտեսությունների եկամուտների աճին, պարենային անվտանգության ամրապնդմանը և մրցունակ արտադրության խթանմանը։ Նրա խոսքով՝ նման ծրագրերը կարևոր գործիք են պետական քաղաքականության արդյունավետ իրականացման համար՝ մեկտեղելով պետական աջակցությունը, միջազգային փորձն ու տեղական ներուժը։
Ռազմավարական զարգացման գործակալության (ՌԶԳ) ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանն իր խոսքում անդրադարձավ անասնապահության ոլորտում երկարաժամկետ ներդրումների կարևորությանը, ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությանը, ինչպես նաև շուկաների հասանելիության ապահովման առանցքային դերակատարությանը։ Նա ընդգծեց պետական և մասնավոր հատվածների համագործակցության նշանակությունը կայուն և չափելի արդյունքների ապահովման գործում՝ նշելով, որ ոլորտի զարգացումը հնարավոր է միայն համակարգված և միասնական աշխատանքի պայմաններում։
Իր հերթին, Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանը, հանդես գալով որպես ծրագրի ֆինանսավորող գործընկեր, ընդգծեց Հայաստանի հետ ձևավորված ամուր գործընկերությունը գյուղատնտեսության ոլորտում։ Նա նշեց, որ INLIMA ծրագիրը միտված է ոչ միայն տեխնիկական խնդիրների լուծմանը, այլև ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, գիտելիքի փոխանցմանը և համայնքների երկարաժամկետ կայունության ապահովմանը։
Մեկնարկային միջոցառման ընթացքում INLIMA ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց ծրագրի համապարփակ տեսլականը՝ ընդգրկելով դրա նպատակները, հիմնական բաղադրիչները, թիրախային խմբերը, աշխարհագրական ընդգրկումն ու ակնկալվող արդյունքները։ Նա ընդգծեց, որ ծրագիրն ուղղված է Հայաստանի անասնապահության ոլորտի կայուն կառավարման բարելավմանը և ֆերմերների կենսապահովման բարձրացմանը՝ կենդանիների կազմակերպված նախրաքաշի, ժամանակակից բուծման տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաև մսի և կաթի շուկաների հասանելիության ընդլայնման միջոցով։
Նա մանրամասն ներկայացրեց նաև ծրագրի շրջանակում նախատեսված գործողությունները, որոնք ներառում են կենդանիների սեզոնային նախրաքաշի համակարգումը, վերարտադրողական ծառայությունների զարգացումը, արոտավայրային և այլ օժանդակ ենթակառուցվածքների բարելավումը, ինչպես նաև ֆերմերների, անասնաբույժների և արհեստական սերմնավորման մասնագետների կարողությունների հզորացումը։
Ծրագրի աշխարհագրական ընդգրկումը տարածվում է Հայաստանի յոթ մարզերի՝ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Շիրակի, Արարատի, Արմավիրի և Արագածոտնի վրա, իսկ շահառուների շրջանակը ներառում է ֆերմերներին, համայնքներին, անասնաբուժական և վերարտադրողական ծառայությունների մասնագետներին, ինչպես նաև մսի և կաթի վերամշակող կազմակերպություններին։
Ընդգծվեց ծրագրի երկարաժամկետ ազդեցությունը՝ միտված ձևավորելու ավելի մրցունակ, արդյունավետ և շուկային ինտեգրված անասնապահական համակարգ, որը կնպաստի գյուղական տնտեսությունների զարգացմանը, պարենային անվտանգության ամրապնդմանը և մարզերի սոցիալ-տնտեսական առաջընթացին։
Միջոցառումն ամփոփվեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Ռազմավարական զարգացման գործակալություն ՀԿ-ի միջև համագործակցության հուշագրի հանդիսավոր ստորագրմամբ: Հուշագրի ստորագրումը կարևոր քայլ է կայուն և երկարաժամկետ գործընկերության կառուցման գործում, որը կուղղվի ոլորտային բարեփոխումների շարունակական ապահովմանը և մարզերում ծրագրի ազդեցության առավելագույնս ընդլայնմանը։
«Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

