NEWSARM

Փորձի փոխանակման այց Շվեյցարիայի Դաշնություն` մրգի և ընկուզենու այգիներում աշխատող մասնագետի կրթական ծրագիրը մշակող աշխատանքային խմբի անդամների համար

Հոկտեմբերի 15-22-ը «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում (ՄԱՎԵՏԱ)» ծրագրի շրջանակում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Բեռնի կիրառական գիտությունների համալսարանի գյուղատնտեսության, անտառային ու պարենային գիտությունների դպրոցի կողմից կազմակերպվեց մեկշաբաթյա փորձի փոխանակման այց Շվեյցարիայի Դաշնություն` մրգի և ընկուզենու այգիներում աշխատող մասնագետի կրթական ծրագիրը մշակող աշխատանքային խմբի անդամների համար:

Այցի նպատակն էր ծանոթանալ Շվեյցարիայի ՄԿՈՒ դուալ կրթական համակարգին և ուսումնական ծրագրերի մշակման գործընթացին: Մասնակիցները հնարավորություն ունեցան այցելել և տեղում ծանոթանալ այգեգործական և պտղաբուծական ֆերմերային տնտեսությունների աշխատանքին, աշկերտների ներգրավվածությանը աշխատանքային գործընթացներում և դուալ կրթության իրականացմանը։ Այցի ընթացքում աշխատանքային խմբի մասնակիցները կիսվեցին նաև իրենց փորձով, ցուցադրեցին պտղատու ծառերի էտը: Մասնակիցները քննարկեցին և զուգահեռներ անցկացրին Հայաստանում և Շվեյցարիայում պտղատու ծառերի մշակության առանձնահատկությունների միջև։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Ծրագիրը իրականացնող գործընկերներն են՝ Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: