NEWSARM

«Տոհմային գործի վարում» թեմայով դասընթաց կազմակերպվեց խոշոր անասնապահ ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչների համար

Ս․թ․ hոկտեմբերի 27-28-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» և «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրերի աջակցությամբ կազմակերպվեց դասընթաց՝ «Տոհմային գործի վարում» թեմայով:

Միջոցառման նպատակն էր՝ բարձրարժեք տոհմային կենդանիներ ունեցող ֆերմերներին ներկայացնել սկզբնական անասնաբուծական հաշվառման ձևաչափը և տոհմային հաշվառման սկզբունքները, ինչպես նաև անասնաբուծության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերն ու դրանցից օգտվելու կարգը:

Դասընթացին մասնակցում էին ՀՀ Սյունիքի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Շիրակի խոշոր անասնապահ ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներ:

Դասընթացը մեկնարկեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ տիկին Աշխեն Շիրվանյանի  ողջույնի խոսքով, ով շնորհակալություն հայտնեց մասնակիցներին և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ին անասնապահության ոլորտի հետ առնչվող նախաձեռնություններին աջակցելու համար: Տիկին Շիրվանյանը խոսեց դասընթացի անհրաժեշտության մասին և հույս հայտնեց, որ այս դասընթացը կնպաստի Հայաստանում տոհմային կենդանիների քանակի ավելացմանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը, ով նշեց, որ կազմակերպությունը միշտ տեսադաշտում է պահել անասնապահության հետ կապված խնդիրները և աջակցել դրանց լուծմանը:

«Այսօր հրամայական է միավորել մասնավոր, պետական և միջազգային ծրագրերի բոլոր ռեսուրսները՝ հանուն ոլորտի և մեր պետության զարգացման»,-ասաց պարոն Այվազյանը:

Դասընթացի առաջին օրը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության փորձագետ Աշոտ Հովհաննիսյանի կողմից մասնակիցներին ներկայացվեց սկզբնական անասնաբուծական հաշվառման և տոհմային քարտերի վարման ձևաչափը։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Անասնաբուծության վարչության գյուղատնտեսական կենդանիների բուծման բաժնի պետ՝ Տաթևիկ Սարգսյանը մասնակիցներին ներկայացրեց անասնաբուծության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերն ու դրանց դիմելու կարգը։

Երկօրյա դասընթացի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև գյուղատնտեսության ոլորտում կանանց ներգրավվածության կարևորությանը և ոլորտի զարգացման համար վերջիններիս դերակատարության խթանմանը։ Դասընթացն անցավ ակտիվ քննարկման մթնոլորտում։