NEWSARM

Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրվան նվիրված միջոցառում

Հունիսի 7-ին, “Ռազմավարական զարգացման գործակալություն” (ՌԶԳ) ՀԿ-ն, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ), ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ համագործակցությամբ կազմակերպեց համաժողով՝ նվիրված Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրվան։

«Սննդամթերքի ստանդարտները կյանքեր են փրկում» խորագրի ներքո անցկացված այդ միջոցառումն ընդգծեց սննդամթերքի չափորոշիչների կենսական նշանակությունը հանրային առողջության ապահովման և առևտրային արդար գործելակերպերի երաշխավորման գործում։

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը, ՌԶԳ ՀԿ ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը, Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն, Հայաստանում ԱՀԿ տարածաշրջանային տնօրենի հատուկ ներկայացուցիչ Մարթե Էվերարդը և այլոք։

Համաժողովը մեկտեղել էր տարբեր ոլորտներ ներկայացնող փորձագետների, քաղաքականություն մշակողների և այլ պետական ու հասարակական կառույցների ներկայացուցիչների՝ քննարկելու սննդամթերքի ստանդարտների կարևորությունը սպառողների պաշտպանության և սննդի կայուն համակարգերի խթանման գործում: Քանի որ այս տարի նշվում է նաև ՊԳԿ-ի և ԱՀԿ-ի գործակցությամբ հիմնված Codex Alimentarius-ի («Սննդամթերքի օրենսգիրք») հանձնաժողովի 60-ամյակը, համաժողովի ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել դրանում նշված դրույթներին հետևելու կարևորությանը: