NEWSARM

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի ծրագրերը ներկայացվեցին Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն մայիսի 18-ին մասնակցեց 2023 թվականի Եվրոպայի օրվան նվիրված «Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակներում  ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում կազմակերպված տոնավաճառին։

Տոնավաճառին մասնակցում էին  «Թիմ Եվրոպա» նախաձեռնության ֆինանսավորմամբ իրականացվող ավելի քան 20 ծրագիր, որոնք ներկայացրեցին իրենց կողմից իրականացված այն ծրագրերը, որոնք տարբեր ոլորտներում գրանցել են սյունեցիների կենսապայմանների համար դրական ազդեցություն: Տոնավաճառին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն ներկայացրեց ՀՀ Սյունիքի մարզում իրականացվող 4 ծրագիր։

Տոնավաճառի ընթացքում տեղի ունեցան նաև տեղական մշակութային ներկայացումներ և ռոք համերգ, ինչպես նաև մրցույթներ՝ նշելու և հանրությանն իրազեկելու Եվրոպական միության մասին։

«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնությունը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի և ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդեռլանդների, Լեհաստանի և Շվեդիայի համատեղ նախաձեռնությունն է, որին միացել է նաև Շվեյցարիան՝ որպես արտաքին գործընկեր։ Այս նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը՝ տեղական զարգացման առաջնահերթություններին համապատասխան: