NEWSARM

Գործընկեր ՄԿՈՒ հաստատությունների տնօրենների ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար ուսումնական այց Շվեյցարիայի Դաշնություն

Սույն թվականի նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 4-ը «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում (MAVETA)» ծրագրի շրջանակում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Բեռնի կիրառական գիտությունների համալսարանի գյուղատնտեսության, անտառային ու պարենային գիտությունների դպրոցի կողմից կազմակերպվեց գործընկեր ՄԿՈՒ հաստատությունների  տնօրենների ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար մեկշաբաթյա ուսումնական այց Շվեյցարիայի Դաշնություն:

Այցի նպատակն էր ծանոթանալ Շվեյցարիայի ՄԿՈՒ դուալ կրթական համակարգին և ուսումնական ծրագրերի մշակման գործընթացին: Մանակիցները հնարավորություն ունեցան այցելել տարբեր ուսումնական հաստատություններ և հյուրընկալող ընկերություններ, տեղում ծանոթանալ դուալ ՄԿՈՒ կրթական համակարգով իրականացվող հյուրընկալող ընկերությունների դերին և աշկերտության կարևորությանը, ինչպես նաև իմանալ ֆերմաներում ուսուցման հնարավորությունների և սահմանափակումների մասին: Մասնակիցները իրենց գոհունակությունը հայտնեցին բազմաբնույթ այցերի և ձեռք բերված տեղեկատվության համար: Մասնակիցները քննարկեցին և զուգահեռներ անցկացրեցին Հայաստանի ՄԿՈՒ կրթական համակարգի և Շվեյցարիայի դուալ ՄԿՈՒ-ի  միջև:

Այցի արդյունքում MAVETA ծրագրի շրջանակներում կվերանայվեն և կներդրվեն անասնաբուժություն, կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա, ֆերմերային գործ, գյուղատնտեսական մեքենաներ, կաթնաֆերմայի կառավարում, պտղատու այգիների այգեգործություն/ընկույզի և մրգերի մշակում մասնագիտությունների կրթական ծրագրերը՝ համահունչ դարձնելով դուալ կրթության մոտեցման սկզբունքներին և գործատուների կողմից ներկայացվող պահանջարկին:

Ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն: