NEWSARM

«Ոչխարների Խուզման Փառատոն-2018» տեղի ունեցավ Սյունիքի Անասնաշուկայում

Հունիսի 9-ին Սյունիքի մարզի Տաթև համայնքի Խոտ բնակավայրում գտնվող Սյունիքի Անասնաշուկայի տարածքում տեղի ունեցավ Ոչխարների խուզման աﬔնամյա՝ թվով չորրորդ փառատոնը։ Փառատոնը կազմակերպել էր «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն՝ Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության (ՇԶՀԳ) ֆինանսավորմամբ։

Փառատոնի նպատակն է առավել ճանաչելի դարձնել Վայոց Ձորի և Սյունիքի ավանդույթներն ու մշակույթը, մարզերի տեղական արտադրանքը, ինչպես նաև նպաստել տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը: Ընդհանուր առմամբ փառատոնին մասնակցել է 2,500 մարդ Սյունիքի, Վայոց Ձորի և այլ մարզերից, Երևանից, ինչպես նաև արտասահմանից ժամանած բազմաթիվ զբոսաշրջիկներ:

Փառատոնին ներկա էին ﬕ շարք պետական պաշտոնյաներ, այդ թվում Գյուղատնտեսության նախարարի խորհրդական Աշոտ Գրիգորյանը, ինչպես նաև Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Լուկաս Գասսերը:

Դեսպանն իր խոսքում նշեց, որ «Սյունիքի մարզի լեռնային բնությունը նման է Շվեյցարիային և այդ իսկ պատճառով հոգեհարազատ է ինձ: Շվեյցարիան տարիներ շարունակ տարատեսակ ծրագրեր է իրականացնում Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում` ուղղված գյուղատնտեսության զարգացմանն, իսկ վերջին տարիներին իր գործունեությունն ընդլայնել է դեպի Հայաստանի հարավային մարզեր»: Դեսպանը նաև նշեց փառատոնի կարևորությունը և անգամ փորձեց ինքնուրույն ոչխար խուզել:

Գյուղատնտեսության նախարարի խորհրդական Աշոտ Գրիգորյանն իր խոսքում նշեց, որ ոչխարաբուծությունը ՀՀ Գյուղատնտեսության նախարարության առաջնահերթությունների շարքում է գտնվում և վստահություն հայտնեց, որ այս տարի թե ներդրողները և թե գյուղացիական տնտեսությունները ՀՀ Գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ կզարգացնեն այս ոլորտը:

Փառատոնն այս տարի ընդգրկում էր ոչխարների խուզման մրցույթ, Մեծ Բրիտանիայից հրավիրված խուզ անող, ազգային կենդանի երաժշտություն, պար, լարախաղաց, ցուցահանդես-վաճառք, որտեղ իրենց արտադրանքը ներկայացրեցին Սյունիքի, Վայոց Ձորի, Արմավիրի, Լոռվա և Գեղարքունիքի մարզերի համայնքների արտադրողները: Փառատոնի հյուրերը հնարավորություն ունեցան օգտվելու տեղում կազմակերպված սննդի տաղավարներից՝ համտեսելով հայկական ավանդական ուտեստներ:

Նախորդ տարիների հաﬔմատ, այս տարի ընդլայնվել է փառատոնի աշխարհագրությունը թե՛ մասնակից համայնքների և թե՛ արտադրողների առումով: Սյունիքից և Վայոց Ձորից բացի ներկայացված են եղել Արմավիրի, Լոռվա և Գեղարքունիքի մարզերը: Ոչխարների խուզման մրցույթին մասնակցել են 12 խուզ անողներ Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերից: Հաղթող է ճանաչվել Ռոմանոս Սարգսյանը Գորիսի Շինուհայր համայնքից` 2 րոպե 30 վայրկյանում խուզելով ﬔկ ոչխար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *