SuccessStoriesARM

Յուրաքանչյուր բուժված կենդանի անասնաբույժի մասնագիտությամբ հիանալու գրավականն է

«Յուրաքանչյուր կենդանու բուժվելուց հետո հիանում եմ իմ աշխատանքով ու մասնագիտությամբ»,- անասնաբույժ Արագած Ղուլունցը խոստովանեց՝ դպրոցն ավարտելու պահին մասնագիտական այլ կողմնորոշում ուներ։

Ժամանակակից սարքավորումներով հագեցած Տեղ գյուղի իր անասնաբուժական կետում Ղուլունցը տարիների հեռավորությունից է հիշում մասնագիտության շուրջ քննարկումները.

«Երազում է զինվորական դառնալ և փաստաթղթերս պատրաստել էի ռազմական վարժարան ընդունվելու համար։ Տան փոքրն էի, ու մայրս չէր հաշտվում հեռավորության վրա ապրելու մտքի հետ։ Տեղի տվեցի մորս հորդորներին, իսկ հայրիկիս խորհրդով ընտրեցի անասնաբուժությունը»,- Արագած Ղուլունցը ընդգծեց, որ որոշումը կայացրել է հապճեպ, մասնագիտության նկատմամբ առանց որևէ հետաքրքրության։

Ինչևէ, մասնագիտությունը սիրել է անմիջապես։

«Եթե չսիրեի՝ 34 տարի չէի աշխատի»,-  ժպտալով պատասխանեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս ողջ ընթացքում երբևէ չի բացակայել աշխատանքից։

Երևանում ուսումն ավարտելուց հետո Արագած Ղուլունցը աշխատանքի է անցել Գորիսի անասնաբուժական կայանում։ 1992 թվականին արցախյան պատերազմի ժամանակ հոր վիրավորվելուց հետո վերադարձել է հայրենի գյուղ՝ դառնալով  Տեղի համայնքային անասնաբույժը։

«Ռազմավարական զարգացման գործակալություն ՀԿ-ի հետ հանդիպումն իմ կյանքում և կարիերայում շատ բան է փոխել»,-  նշեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով կազմակերպության աջակցությունն անասնաբուժական կետի տեխնիկական հագեցվածության ապահովման գործում։

Անասնաբույժի խոսքով ժամանակի ընթացքում հանրության մոտ փոխվել է այն կարծրատիպը, որ կենդանուն բուժելու համար պետք չէ վճարել։ Այսօր այն ընկալվում է որպես ծառայություն, որի դիմաց պետք է վճարել։

Չնայած Ղուլունցի կարծիքով կենդանիների հետ ավելի հեշտ է աշխատել, քան նրանց տերերի, միևնույնն է՝ անվտանգության կանոններին պետք է հետևել՝ չմոռանալով, որ կենդանիները կարող են ագրեսիվ լինել։ Իր հետ պատահած վերջին պատմություններից մեկը հիշեց․

«Գնացել էի ֆերմա՝ կովին բուժօգնություն ցուցաբերելու։ Կովը ծանոթ էր, մի քանի օր առաջ էլ էի օգնել։ Վստահորեն մոտեցա, բայց ծնկիս այնպես հարվածեց, որ մի ամիս չէի կարողանում շարժվել»։

Անասնաբույժը ցավով է նշում, որ մարզում խոշոր ու մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը վերջին տարիներին շեշտակիորեն կրճատվել է։ Պատճառը արոտավայրերի պակասն է, որն առաջացել է 2020 թվականի պատերազմից հետո՝ պայմանավորված ազատագրված տարածքների կորստով։

«Եկամտի պակասը հիասթափեցնում է  ֆերմերներին՝ կենդանիներին հոգ տանելու և ճիշտ խնամելու տեսանկյունից»,- ցավով արձանագրեց Ղուլունցը՝ ընդգծելով, որ անասնաբույժի համար ամենակարևորը հարգանք, վստահություն ունենալն է ֆերմերների և հանրության շրջանում։ Իսկ այդ վստահությունը հենց այնպես չի ձևավորվում․

«Լինում է, որ գիշերվա ժամը երեքին, չորսին զանգ ես ստանում։ Արթնանում ես, հագնվում ու անխոս գնում կենդանուն օգնելու։ Այլ տարբերակ չես էլ դիտարկում», – այսպես հիմնավորեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ հեռախոսը միշտ պահում է հասանելի՝ անգամ հեռավոր տարածության վրա խորհուրդ տալու հնարավորության համար։