NEWSARM

Մեկնարկել է «Գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացման ՄԱՎԵՏԱ» կրթական երկարաժամկետ ծրագիրը

Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել «Գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական ​​կրթության և ուսուցման արդիականացում 2022 2025 թթ.՝ ՄԱՎԵՏԱ» երկարաժամկետ զարգացման նախագծի մեկնարկի միջոցառումը, որը կազմակերպել էր Հայաստանում Շվեյցարական համագործակցության  գրասենյակը:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, նախագիծը համաֆինանսավորող և իրականացնող գործընկեր կազմակերպությունների, ինչպես նաև ՄԿՈՒ հաստատությունների ներկայացուցիչներ:

Ժաննա Անդրեասյանն ողջունեց ծրագրի հիմնական փուլի մեկնարկի կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց ծրագրի բոլոր գործընկերներին և վստահեցրեց, որ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ԿԳՄՍ և Էկոնոմիկայի նախարարությունների, կցուցաբերի ինստիտուցիոնալ անհրաժեշտ աջակցություն ծրագրի սահուն իրականացման համար:

Միջոցառման ընթացքում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Գերմանիայի զարգացման գործակալության (GIZ) ներկայացուցիչները ներկայացրեցին «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» ծրագրի մանրամասները:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է, որ գործնական ուսուցումն ընկերություններում և ֆերմերային տնտեսություններում պետք է համակցվի ՄԿՈՒ հաստատությունների տված ժամանակակից գիտելիքների հետ: Ընտրված մասնագիտությունները ներառում են՝ անասնաբուժությունը, կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիան, ֆերմերային գործը, գյուղատնտեսական մեքենաները, կաթնաֆերմայի կառավարումը, պտղատու այգիների այգեգործությունը/ընկույզի և մրգերի մշակումը։

Նախագծի շրջանակում դուալ կրթության այս մոտեցումը կամրագրվի ինստիտուցիոնալ մակարդակում. քաղաքականությունները կդառնան ավելի համահունչ, իսկ կրթական հաստատությունների և պետական ու մասնավոր հատվածի միջև համագործակցությունը՝ առավել արդյունավետ: Նախագծում ներառված են Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջը, Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջը, Բերդի բազմագործառութային քոլեջը, Էջմիածնի արհեստագործական պետական ուսումնարանը, ՀԱԱՀ-ի Երևանի և Սիսիանի մասնաճյուղերի միջին մասնագիտական կրթական ծրագրերը։

Նախագիծը մեկնարկել է 2021 թվականի դեկտեմբերի 3-ին՝ նախապատրաստական փուլով, որը հաջողությամբ ամփոփվել է 2022 թվականի օգոստոսին: Այնուհետև մեկնարկել է իրականացման 1-ին հիմնական փուլը, որը կտևի մինչև 2025 թվականի օգոստոսը՝ 8,3 մլն շվեյցարական ֆրանկ ընդհանուր բյուջեով: Արդեն հաստատվել է նաև 2-րդ հիմնական փուլը՝ 2026-2030 թվականների համար։

ՄԱՎԵՏԱ նախագիծը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ՝ ներառյալ ՀՀ կառավարությունը, Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), «Շվեյցարիայի եկեղեցու օգնություն» (HEKS/EPER) ՀԿ-ն, «Իզմիրլյան հիմնադրամը», «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Նախագիծն իրականացնող գործընկերներն են՝ Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և «Շվեյցարիայի եկեղեցու օգնություն« (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: