NEWSARM

ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակներում դասընթաց քոլեջների դասավանդողների և մասնավոր հատվածի մենթորների համար

Նոյեմբերի 7-10-ը «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից կազմակերպվեց «Դուալ ուսուցման օրագրի» առաջադրանքների մշակման և աշկերտների գնահատման վերաբերյալ  դասընթաց։

Դասընթացն անցկացվեց շվեյցարացի փորձագետ Աստրիդ Շմիդտի կողմից:

Դասընթացի նպատակն էր քոլեջների կաթի և կաթնամթերքի արտադրության տեխնոլոգիա մասնագիտություն դասավանդողներին և ոլորտի մասնավոր հատվածի մենթորներին ծանոթացնել աշկերտների կողմից լրացվող օրագրերի ձևաչափին, քննարկել լրացման և օրագրերի ստուգման և աշկերտներին գնահատելու կարգը։

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են՝ Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: