NEWSARM

Կազմակերպվեց «Դուալ համակարգի փորձարկումը ՄԿՈՒ ոլորտում» թեմայով աշխատաժողով՝ ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկերների համար

Նոյեմբերի 2-3-ը  «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Դուալ համակարգի փորձարկումը ՄԿՈՒ ոլորտում» թեմայով աշխատաժողով։

Աշխատաժողովին մասնակցում էին «ՄԱՎԵՏԱ» ծրագրում ընդգրկված մասնավոր ընկերությունների, ՄԿՈՒ հաստատությունների ներկայացուցիչներ և ոլորտում ակտիվ ներգրավվածություն ունեցող փորձագետներ։

Աշխատաժողովի ընթացքում մասնակիցներին «Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈւ Հարավային Կովկասում» ԳՄԸՀ ծրագրի փորձագետ Յուլիա Ստակյանի կողմից ներկայացվեց  դուալ ՄԿՈՒ ներդրման մեթոդաբանությունն ու մասնագետների զբաղմունքի նկարագրի մշակման առանձնահատկությունները:

Աշխատանքային խմբերում մասնակիցները քննարկեցին երեք նոր ներդրվող մասնագիտությունների՝ գյուղատնտեսության մեքենայացում, կաթնաֆերմայի կազմակերպում, մրգի և ընկուզեղենի այգիներում աշխատող մասնագետի մոդուլային ծրագրերի կառուցվածքը և մշակվեցին մասնագիտության դերը և զբաղմունքի նկարագիրը։

Աշխատաժողովին քննարկվեց վերոնշյալ մասնագիտությունների տեսական և գործնական ուսուցման տարրերի համադրման եղանակներն ու կարևորությունը, ինչպես նաև գործատուի մոտ աշկերտի համար համապատասխան միջավայրի և պայմանների ստեղծման ուղիները։

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են՝ Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: