NEWSARM

Երկօրյա աշխատանքային քննարկում

Մենք կարևորում ենք մեր գործընկեր կառույցների կարողությունների բարելավումը, որն իր հերթին նպաստում է համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացմանը։

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ -ի կողմից իրականացվող Reconomy-ի  «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակներում գործընկեր Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) համար կազմակերպվեց երկօրյա աշխատարան – քննարկում։

Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը, պետի տեղակալները, Զբաղվածության ապահովման ու աշխատանքային ներուժի զարգացման վարչության պատասխանատու ներկայացուցիչները, ինչպես նաև Երևանի ու մարզերի տարածքային կենտրոնների տնօրենները։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածքային կենտրոններում առկա զբաղվածության ոլորտի հիմնախնդիրները, գործատուների հետ համագործակցության ընթացքում առաջացող հիմնական դժվարությունները և վերջիններիս հետ արդյունավետ համագործակցություն հաստատելու ուղիները։

Հանդիպումը կարևոր էր նաև այն առումով, որ բացի զբաղվածության ոլորտի խնդիրներից, քննարկվեցին նաև ՄՍԾ գործունեության այլ ոլորտներում առկա ինստիտուցիոնալ խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները։

Reconomy-ն Sida-ի տարածաշրջանային ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է HELVETAS Swiss Intercooperation-ի կողմից՝ համագործակցելով ՌԶԳ ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանների երկրներում գործող այլ կազմակերպությունների հետ: