NEWSARM

Դասընթաց՝ Վարդենիս խոշորացված համայնքի Մեծ Մասրիկ, Խաչաղբյուր, Աղիտու և Նորավան բնակավայրերի ֆերմերների համար

Սույն թվականի նոյեմբերի 21-23-ը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հայաստանի սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդում և տնտեսական վերականգնում» ծրագրի շրջանակներում անցկացվեցին թեմատիկ դասընթացներ՝ գյուղատնտեսության զարգացման գործում կանանց դերի, կենդանիների պահվածքի, արհեստական սերմնավորման, կերարտադրության և բարձրարժեք կերային մշակաբույսերի մշակության ու սերմնաբուծության մասին։

Դասընթացների նպատակն էր ֆերմերներին ներկայացնել նորածին հորթերից մինչև հասակավոր կենդանիների պահվածքի առանձնահատկությունները, մթերատվության բարձրացման համար անհրաժեշտ գործողություններն ու արհեստական սերմնավորման առավելությունները։

Դասընթացներին մասնակցեց 193 ֆերմեր։

«Հայաստանի սահմանամերձ համայնքների դիմակայության ամրապնդում և տնտեսական վերականգնում» ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջոցով՝ «Վորլդ Վիժն Հայաստան»-ի, «Մանկական զարգացման հիմնադրամ»-ի և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։

Ծրագրի նպատակն է բարելավել Վարդենիս (Գեղարքունիք), Սիսիան (Սյունիք) և Ջերմուկ (Վայոց ձոր) համայնքների սահմանամերձ բնակավայրերի ճգնաժամերին դիմակայելու կարողությունը՝ տրամադրելով մարդասիրական և տնտեսական աջակցություն։