NEWSARM

Մասնագիտությունների խթանման օր Տավուշում

Մայիսի 18-ին «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում «Ռազմավարական զարգացման գործակալության» ՀԿ-ն համագործակցելով Բերդի բազմագործառութային պետական քոլեջի հետ կազմակերպեց «Մասնագիտությունների խթանման օր Տավուշում» միջոցառումը։ Միջոցառմանը մասնակցում էին համայնքապետարանի և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, Բերդ համայնքի գրեթե բոլոր հիմնական դպրոցների շուրջ 100 շրջանավարտներ։

Քոլեջի տնօրեն տիկին Աննա Ավալյանը ներկայացրեց 2023֊2024 ուսումնական տարվա կրթական ծրագրերը, քոլեջի առկա հնարավորությունները և ընդունելության գործընթացը:

Ծրագրի համակարգող Լիլիթ Բեգլարյանը ներկայացրեց ՄԱՎԵՏԱ ծրագիրը, ծրագրի շրջանակներում դուալ կրթական մոտեցմամբ իրականացվող գյուղատնտեսական մասնագիտությունները, համայնքներում դրանց կարևորությունն ու մեծ պահանջարկը:

Միջոցառմանը հրավիրված էր նաև երիտասարդ գործող անասնաբույժ, ով կարևորեց «Անասնաբույժի» մասնագիտությունը և հորդորեց աշակերտներին ընտրել այս մասնագիտությունը:

Աշակերտները կարճատև շրջայց կատարեցին ուսումնական հաստատության դասասենյակներ և մասնագիտական լաբորատորյաներ՝ ծանոթանալով նաև քոլեջի շենքային պայմաններին: Մասնագիտությունների խթանման օրը եզրափակվեց քոլեջի «Կարի արտադրության տեխնոլոգիա» խմբի ուսանողների կատարած աշխատանքների ցուցադրություն-դեֆիլեով և հյուրասիրությամբ: