NEWSARM

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի աջակցությամբ հիմնված «Արևի Գոշ» հյուրանոցի բացման արարողություն

Ս․ թ․ սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի աջակցությամբ հիմնված «Արևի Գոշ» հյուրանոցի բացման արարողությունը։

Ծրագիրը մեկնարկել է 2022թ ապրիլին և տևելու է մինչ 2029թ։ Ծրագիրն իրականացվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից՝ «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:

Հյուրանոցի բացման արարողությանը ներկա էին Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF), ՀՀ Տավուշի մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի և տուրիստական ընկերությունների ներկայացուցիչներ։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան՝ Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի ներկայացուցիչ՝ «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի համակարգող Ալլա Ղազարյանը, Գոշ բնակավայրի վարչական ղեկավար՝ Գևորգ Ամիրխանյանն ու ՀՀ Տավուշի մարզպետարանի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը։

«Արևի Գոշ» հյուրանոցի հիմնադիր Գևորգ Գասպարյանն ողջունեց բոլոր հյուրերին և շնորհակալություն հայտնեց տրամադրած աջակցության համար։
Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության տարածաշրջանային տնօրենի տեղակալ պարոն Վերներ Թութն իր ողջույնի խոսքում նշեց, որ այս հյուրանոցի բացումը կնպաստի ոչ միայն համայնքի զարգացմանը, այլ նաև համայնքում զբաղվածության ապահովմանը։
«Կարծում եմ այս նախաձեռնությունն օրինակելի կդառնա նաև համայնքի այլ բնակիչների համար»- նշեց պարոն Թութը։

ՀՀ Տավուշի մարզպետարանի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Գուրգեն Հարությունյանն ու Գոշ բնակավայրի վարչական ղեկավար՝ Գևորգ Ամիրխանյանն իրենց խոսքում շնորհակալություն հայտնեցին նման նախաձեռնության և ծրագրի շրջանակներում «Արևի Գոշ» հյուրանոցի կառուցման նպատակով տրամադրած աջակցության համար։ Նրանք վստահություն հայտնեցին, որ շատ շուտով այս հյուրանոցի բացումը դրական ազդեցություն կունենա ամբողջ համայնքի և նույնիսկ մարզի զարգացման վրա։