NEWSARM

Աշխատաժողով՝ համայնքային հանդապահի հաստիքի ձևավորման անհրաժեշտության վերաբերյալ

Հունիսի 1-2-ը «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց  աշխատաժողով՝ համայնքային հանդապահի ծառայության անհրաժեշտությունը քննարկելու նպատակով։

Աշխատաժողովին ներկա էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ՝ Աշխեն Շիրվանյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ), մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, ոլորտային փորձագետներ և այլն։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը հանդես եկավ ողջույնի խոսքով՝  որում անդրադարձ կատարեց անասնապահության ոլորտի զարգացման համատեքստում բնական կերային հանդակների կայուն կառավարման կարևորությանը  և համայնքային հանդապահի ծառայության անհրաժեշտությանը։

Տիկին Շիրվանյանին հաջորդեց ՀՀ ՏԿԵՆ ներկայացուցիչ՝ Եղիազար Դավթանը, ով իր խոսքում նշեց, որ ՏԿԵՆ-ի առաջնահերթություններից է համայնքների կայունության և բարեկեցության ապահովումը, և հենց այդ համատեքստում էլ այս քննարկումը խիստ կարևոր է։

Աշխատաժողովը մեկնարկեց «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ՝ Մկրտիչ Այվազյանի ելույթով, ով ողջունեց մասնակիցներին և մաղթեց բեղմնավոր քննարկում:

Աշխատաժողովին բնական ռեսուրսների կառավարման փորձագետ պարոն Գագիկ Թովմասյանը ներկայացրեց բնական կերային հանդակների կայուն կառավարման կարևորությունն ու նշանակությունն՝ անասնապահության ոլորտի զարգացման և շրջակա միջավայրի պահպանության համատեքստում: Ներկայացվեց բնական կերային հանդակների ներկա վիճակն ու առկա խնդիրները:

Աշխատաժողովի երկու օրն էլ անցան ակտիվ քննարկման մթնոլորտում։