NEWSARM, Family Projects

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հանդիպում դոնոր կազմակերպությունների հետ

2023 թվականի մարտի 3-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացավ հանդիպում դոնոր կազմակերպությունների հետ։

Խորհրդակցությունը վարում էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի զբոսաշրջության զարգացման ուղղությամբ աշխատող տարբեր միջազգային կազմակերպությունների և դեսպանատների ներկայացուցիչներ։

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ից հանդիպմանը ներկա էր ծրագրի համակարգող Ալլա Ղազարյանը, ով հանդիպման մասնակիցներին ներկայացրեց «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագիրն ու թիրախային համայնքներում կատարվելիք գործողությունները։

Հանդիպմանը կողմերը փոխանակեցին տեղեկատվություն զբոսաշրջության զարգացման առկա և նախատեսվող ծրագրերի վերաբերյալ, խոսեցին իրականացվող ծրագրերի ընթացքի և ձեռքբերումների, ոլորտում առկա մարտահրավերների վերաբերյալ, քննարկեցին ոլորտի աջակցությանը և մարտահրավերների մեղմացմանն ուղղված քայլերը։

Կողմերը կարևորեցին նմանատիպ հանդիպումների պարբերաբար անցկացումը, ինչն էապես նպաստում է համագործակցային հարաբերությունների զարգացմանն ու ծրագրերի արդյունավետ իրականացմանը։