«Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագրի շրջանակում կազմակերպված ուսումնական այցի ընթացքում ոլորտի ներկայացուցիչներն այցելեցին FIH Association-ի հետ համագործակցող ֆերմա և Euro Genetic արհեստական սերմնավորման կենտրոն։
Ուսումնական այցին մասնակցեցին անասնապահության ոլորտում գործող մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության անասնաբուծության վարչության մասնագետներ, ինչպես նաև INLIMA ծրագրի թիմի ներկայացուցիչներ՝ հնարավորություն ստեղծելով պետական, մասնավոր և զարգացման ոլորտների մասնագիտական փորձի փոխանակման և համագործակցության ամրապնդման համար։
Euro Genetic կենտրոնում մասնակիցներին ներկայացվեց կենտրոնի գործունեությունը և կիրառվող վերարտադրողական ու բուծական տեխնոլոգիաները։ Մասնավորապես, անդրադարձ կատարվեց ցլերի սերմնահեղուկի հավաքագրման, որակի վերահսկման և պահպանման գործընթացներին, կենտրոնում առկա ցլերի գենետիկական ներուժին և ներկայացված ցեղատեսակներին, ինչպես նաև բուծական կատալոգի կիրառությանը։
Առանձին ներկայացվեց սաղմի տեղափոխման (embryo transfer) տեխնոլոգիան, դրա իրականացման հիմնական փուլերը և բարձրարժեք գենետիկական նյութի բազմացման ու տարածման հնարավորությունները։
Տեսական ներկայացումներին զուգահեռ այցի մասնակիցները տեղում դիտարկեցին կենտրոնի լավագույն բուծական ցլերին, ինչը հնարավորություն տվեց գործնականորեն գնահատելու կենդանիների բուծական առանձնահատկություններն ու գենետիկական ներուժը։
Այցի շրջանակում ստացված գործնական գիտելիքն ու փորձի փոխանակումը կարևոր հիմք են Հայաստանում բուծման ժամանակակից մոտեցումների տարածման, գենետիկական ներուժի արդյունավետ օգտագործման և անասնապահության արտադրողականության բարձրացման համար։
«Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

