IADAAM ծրագրի ինստիտուցիոնալ համագործակցության և տեղային մակարդակում ակտիվ ներգրավվածության շարունակական հանձնառության շրջանակում ծրագրի թիմի ղեկավար Սերգեյ Բոտեզատուն իրականացրել է աշխատանքային հանդիպումների շարք Արմավիրի և Արարատի մարզերում։
Այցը մեկնարկել է IADAAM-ի Գյուղաջակցության խորհրդատվական ծառայության թիմի (AEST) Բաղրամյանի գրասենյակից, որտեղ պարոն Բոտեզատուն հանդիպել է AEST Արմավիրի թիմի անդամների և Բաղրամյան բնակավայրի վարչական ղեկավար Արթուր Ավետիսյանի հետ։ Քննարկումները կենտրոնացած էին խորհրդատվական գործունեության ընթացքի, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համակարգված համագործակցության, ինչպես նաև գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունների՝ գյուղատնտեսների փոփոխվող կարիքներին ռազմավարական համապատասխանեցման շուրջ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ոռոգման հիմնախնդիրների վրա՝ որպես առաջնահերթ ուղղություն, հաշվի առնելով, որ ոռոգման համակարգը դեռևս չի գործում, ինչպես նաև նախանշվել են գործնական քայլեր՝ դրա արդյունավետ գործարկումն ապահովելու և ֆերմերների շահերը պաշտպանելու նպատակով։
Աշխատանքային այցը շարունակվել է Արարատի մարզում, որտեղ թիմի ղեկավարը հանդիպել է Վեդի համայնքի Գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Շամո Բաքոյանին։ Քննարկվել են մարզի գյուղատնտեսական զարգացման առաջնահերթությունները, բնապահպանական կայունության հարցերը, ինչպես նաև համայնքային կառույցների և IADAAM ծրագրի միջև համագործակցության խորացման հնարավորությունները։ Հանդիպումը վերահաստատել է դիմակայուն, կլիմայականորեն խելամիտ և տնտեսական տեսանկյունից կենսունակ ոռոգվող գյուղատնտեսության համակարգերի ձևավորման ընդհանուր տեսլականը։
Այցի շրջանակում թիմի ղեկավարը նաև հանդիպել է ցուցադրական տնտեսության հայտատուի հետ՝ IADAAM AEST Ավշարի գրասենյակում։ Քննարկման առանցքում էին ցուցադրական տնտեսությունների դերը՝ որպես գործնական ուսուցման հարթակներ, ընտրության գործընթացը, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիաների և լավագույն փորձի ներկայացման ռազմավարական նշանակությունը՝ գյուղատնտեսական համայնքներում գիտելիքի արդյունավետ փոխանցումն արագացնելու նպատակով։
Այս հանդիպումները ևս մեկ անգամ ընդգծում են IADAAM ծրագրի նախաձեռնողական և գործընկերային մոտեցումը՝ միտված ամուր ինստիտուցիոնալ համագործակցության ձևավորմանը, տեղական դերակատարների կարողությունների հզորացմանը և Հայաստանի մարզերում կայուն գյուղատնտեսական զարգացման առաջխաղացմանը։
«Հայաստան – Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից (ԵՄ) և իրականացվում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) աջակցությամբ, նպատակ ունի վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծրագրի տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի, «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից՝ գյուղատնտեսական քաղաքականության ամրապնդման և ոլորտային բարեփոխումների առաջխաղացման նպատակով։

