NEWSARM

Սոցիալական ներառականության վերաբերյալ դասընթաց՝ ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկեր քոլեջների դասավանդողների համար

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում ապրիլի 25-ին տեղի ունեցավ «Կրթական միջավայրի հարմարեցումները զարգացման տարբեր խանգարումներ ունեցող սովորողների համար» խորագրով վերապատրաստման դասընթաց՝ ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկեր քոլեջների դասավանդողների համար։

Դասընթացավար, սոցիալական ներառման մասնագետ Սյուզաննա Պետրոսյանը ներկայացրեց Հայաստանում սոցիալական ներառականության վերաբերյալ վիճակագրությունը, միջազգային փորձն ու միտումները, ինչպես նաև, անդրադարձ կատարեց ՄԿՈՒ ոլորտում զարգացման տարբեր առանձնահատկություններ ունեցող սովորողների սոցիալական ներառմանը, կրթական միջավայրի հարմարեցման ու համապատասխանեցման անհրաժեշտությանը։

Քոլեջի դասավանդողների մասնակցությամբ խմբային աշխատանքի ժամանակ անդրադարձ կատարելով միջին մասնագիտական կրթական հաստատություններում, մասնավորապես՝ գյուղատնտեսական մասնագիտություններով սովորող ուսանողների սոցիալական ներառականության վերաբերյալ խնդիրներին ու հիմնահարցերին, ուսումնական հաստատությունների համար կազմվեցին ներառականության ռազմավարական պլաններ՝ հետագայում քոլեջներում կիրառելու նպատակով։

Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, HEKS/EPER ՀԿ–ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ–ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ–ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և HEKS/EPER ՀԿ–ն՝ ՌԶԳ–ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ։