«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում ՄԿՈՒ արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում հունիսի 25-27-ը ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղում անցկացվեց պինդ և կիսապինդ պանիրների պատրաստման պրակտիկ դասընթաց՝ ծրագրի գործընկեր քոլեջների և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների համար։
Դասընթացի մասնակիցները կատարեցին կաթի տարբեր լաբորատոր հետազոտություններ։
ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղի դասախոս, պանրի տեխնոլոգ Գայանե Հակոբյանը ներկայացրեց պինդ պանիրների ստեղծման պատմությունը, արտադրության կազմակերպման մեթոդները և փորձի վրա հիմնված նորարական լուծումները։
Մասնակիցները լաբորատոր պայմաններում շղթայական գործընթացով՝ կաթի ընդունումից մինչև պանրի աղադրում և հասունացում, պատրաստեցին գաուդա տեսակի պանիր։
Դասընթացը իրականացվեց Հայաստանի պանրագործների միության հետ համատեղ։

