Հայաստանի տավարաբուծության զարգացման նոր հնարավորություններ են ստեղծվում, երբ ֆերմերներին հասանելի են դառնում միջազգային փորձն ու որակյալ տոհմային կենդանիները։ Այդ հնարավորություններից օգտվել է նաև Խաչիկ Հովսեփյանը՝ ՏՏ մասնագետ, որն իր գիտելիքներն ու ձեռներեցական մոտեցումը ներդնում է նաև տավարաբուծության ոլորտում։ Վերջերս Հայաստան ներմուծված 64 Ֆլեքվի (Fleckvieh) ցեղի խոշոր եղջերավոր կենդանիներից 32-ը ձեռք է բերել Խաչիկը։ Կաթնամսային ուղղության այս ցեղի ներմուծումը կարող է նպաստել նախրի գենետիկական ներուժի բարելավմանը և արտադրողականության բարձրացմանը։
Նախաձեռնությունը հայ-ավստրիական համագործակցության գործնական արդյունքներից է։ Համագործակցության հիմքը դրվել է Ավստրիայում կազմակերպված ուսումնական այցի ընթացքում, որի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Cattle Breeders Austria-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Կենդանիների ձեռքբերման գործընթացում ֆերմերներն օգտվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Տավարաբուծության զարգացման 2025-2029թթ․ զարգացման ծրագրից»։
Ինչո՞ւ է սա կարևոր Հայաստանի տավարաբուծության համար։ Կաթնամսային ուղղության Ֆլեքվի (Fleckvieh) ցեղի կենդանիների ներմուծումը հնարավորություններ է ստեղծում նախրի գենետիկական ներուժի բարելավման, արտադրողականության բարձրացման և ժամանակակից բուծական փորձի տարածման համար։ Իսկ Խաչիկ Հովսեփյանի նման մասնագետների ներգրավվածությունը ցույց է տալիս, որ գյուղատնտեսությունը կարող է դառնալ նորարարության, ձեռներեցության և մասնագիտական զարգացման գրավիչ ուղղություն։
INLIMA ծրագիրը, համագործակցելով պետական և միջազգային գործընկերների հետ, նպաստում է Հայաստանի անասնապահության արդիականացմանն ու ոլորտում նոր հնարավորությունների ստեղծմանը։ Այս նախաձեռնությունը ցույց է տալիս, թե ինչպես միջազգային փորձի փոխանակումը, պետական աջակցության գործիքներն ու ծրագրային օժանդակությունը կարող են համատեղ նպաստել ֆերմերային տնտեսությունների զարգացմանն ու Հայաստանի տավարաբուծության երկարաժամկետ առաջընթացին։
«Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

