SuccessStoriesARM

Կյանքեր փրկելու ցանկությունը

Ծնունդով Սյունիքի մարզի Կապան քաղաքից Ռիմա Հարությունյանը դեռ մանկուց երազում էր բժիշկ դառնալ, սակայն ճակատագրի հեգնանքով դարձավ հմուտ անասնաբույժ։ 

Դեռ մանկուց երազում էի բժիշկ դառնալ և կյանքեր փրկել։ Դպրոցն ավարտելուց հետո փորձեցի ընդունվել Երևանի պետական բժշկական համալսարան, սակայն բալերս չբավարարեցին և պետք է արագ ընտրություն կատարեի։ Որոշեցի ընդունվել Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի նախապատրաստական կուրս՝ 2-րդ կամ 3-րդ կուրսից Բժշկական համալսարան տեղափոխվելու ակնկալիքով։ Սակայն հակառակ սպասելիքների՝ մնացի այդ նույն համալսարանում վեց տարի։

Բարձր առաջադիմությամբ պայմանավորված 2-րդ կուրսում ինձ հնարավորություն ընձեռվեց տեղափոխվել այլ ուսումնական հաստատություն, սակայն անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի կողմից կազմակերպված պրակտիկաներն այնքան հետաքրքիր էին, որ ես որոշեցի մնալ նույն ինստիտուտում՝ շարունակել կրթությունս և դառնալ անասնաբույժ։

Ավարտելուց հետո աշխատանքի ընդունվեցի Կապանի կենդանիների սերմնավորման կայանում, որպես անասնաբույժ և սերմնավորող-տեխնիկ։ Արդեն մեկ տարի անց նույն հաստատությունում սկսեցի աշխատել, որպես համաճարակաբան։ Որոշ ժամանակ անց ընդունվեցի «ՎաՄաքս» ընկերություն, որպես ֆերմայի գլխավոր անասնաբույժ և աշխատեցի այնտեղ 10 տարի։

Բավականաչափ բարդ, բայց վերջում շատ շնորհակալ աշխատանք է։

Մարդկանց պարագայում բժշկական օգնություն տրամադրելը հեշտ է, ինչը չենք կարող ասել կենդանիների դեպքում, անասնաբույժների աշխատանքն ավելի բարդ է: Կենդանիների պարագայում բժշկական օգնություն տրամադրելը ավելի դժվար է, քանի որ կենդանիները չեն խոսում և չեն բարձրաձայնում իրենց ցավերի մասին, և նույնիսկ նրանց տերերն էլ շատ հաճախ չգիտեն, թե ինչումն է խնդիրը:

Ես, ով ժամանակին երազում էի բժիշկ դառնալ, դարձա սիրելի և հարգված անասնաբույժ։ Ոլորտում 40 տարի աշխատելով և բուժելով անթիվ կենդանիների՝ հիմնել եմ իմ սեփական անասնաբուժական կենտրոնը, աշխատում եմ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում և շարունակում եմ անասնաբուժական ծառայություն մատուցել Կապանի տարածաշրջանի գյուղական բնակավայրերում։ Երբեք չեմ զղջացել անասնաբույժ դառնալու և երիտասարդությանս լավագույն տարիներն այս մասնագիտությանը նվիրելու համար։