NEWSARM

Դասընթաց` ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկեր քոլեջների դասավանդողների համար

Փետրվարի 7-8-ը «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԿ) ՀԿ-ն ՄԿՈՒ հաստատություններում գենդերային զգայուն մոտեցումների կիրառման և խոցելի խմբերի ներկայացուցիչների համար հավասար հնարավորությունների ստեղծման թեմայով երկօրյա դասընթաց էր կազմակերպել ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկեր քոլեջների դասավանդողների համար։

Դասընթացի մասնակիցներին ՄԿՈՒ ոլորտում հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորությունների բացահայտման և զարգացման, տարբեր հաշմանդամություն ունեցող անձանց համար խելամիտ հարմարեցումների, այս ոլորտում համաշխարհային միտումների և հաջողված փորձի մասին պատմեց ներառական կրթության փորձագետ՝ Սյուզաննա Պետրոսյանը։

Փորձագետը նաև ներկայացրեց հաշմանդամություն ունեցող անձանց մասին օրենքը, օրենսդրական դաշտի բարեփոխումներն ու անձնական օգնականի ինստիտուտի ներդրման մանրամասները։

Այնուհետև ՄԿՈՒ հաստատություններում գենդերային զգայուն մոտեցումների կիրառման անհրաժեշտության, հանրային կյանքում դրանց ընկալումների և դրսևորումների, ոլորտում տեղական ու միջազգային համեմատական փորձը ներկայացրեց  «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի գենդերի և հանրային հաղորդակցման մասնագետ Աննա Պողոսյանը։

Երկօրյա դասընթացի ընթացքում մասնակիցները ներառականության մասին տեսական գիտելիքներն ամրապնդեցին գործնական աշխատանքի և դերախաղերի միջոցով։