HomePageARM, NEWSARM

Առցանց կայացավ ՀՀ Բնական կերհանդակների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի 8-րդ աշխատաժողովը

Հունվարի 20-ին առցանց կայացավ «ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակ»-ի 8-րդ աշխատաժողովը, որին մասնակցեցին բնական կերհանդակների ոլորտին առնչվող նախարարությունների, ինչպես նաև գիտական կառույցների, տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառման սկզբում մասնակիցներին ողջունեցին և բեղմնավոր աշխատանք մաղթեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ՝ Իռա Փանոսյանը և Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը:

Խոսնակները ողջունեցին ներկայիս դժվարին պայմաններում Աշխատաժողովն առցանց կազմակերպելու նախաձեռնությունը: Խոսնակները նաև կարևորեցին Հարթակի գործունեությունը՝ մատնանշելով հատկապես արոտների կայուն կառավարման հայեցակարգի վերջնական տեսքի բերման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին հարթակի  ընթացիկ  ծրագրերն ու  2021  թվականի  աշխատանքային պլանը  և դրա հետ կապված հետագա քայլերը: Միջոցառման ընթացքում ներկայացվեց նաև Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) աջակցությամբ իրականացվող «Արոտավայրերի  կայուն  կառավարման  ինստիտուցիոնալ   շրջանակ»-ի նկարագրության  և  «Արոտավայրերի  կայուն  կառավարման  ոլորտում ՏԻՄ  լիազորությունների  և  գործառույթների  իրականացման» մեթոդական  ուղեցույցի  մշակման  ուղղությամբ  տարված  աշխատանքը:

ՀՀ Բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակը հանդիսանում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի, ԳՄՀԸ կողմից իրականացվող բնապահպանական ծրագրերի, ինչպես նաև Համաշխարհային բանկի աջակցմամբ և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ՀԳՌԿՄ 2-րդ ծրագրի համատեղ նախաձեռնություն: