Ս․թ․ ապրիլի 28-ին տեղի ունեցավ Անասնաբույժի միջազգային օրվան նվիրված համաժողով, որի ընթացքում ելույթներով հանդես եկան ՀՀ կառավարության, ոլորտային բուհերի, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանն ողջունեց բոլոր ներկաներին, շնորհավորեց անասնաբույժներին իրենց մասնագիտական օրվա կապակցությամբ։
Արմեն Հայրապետյանին ողջույնի խոսքով հաջորդեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը, Հարավային Կովկասում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գրասենյակի (SDC) տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութն ու «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը։
Արդեն չորրորդ տարին է, ինչ Հայաստանում պետական մակարդակով նշվում է Անասնաբույժի միջազգային օրը:
Այս տարի միջոցառումը կազմակերպվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի աջակցությամբ:
Համաժողովի ընթացքում ներկայացվեցին կենդանիներին վերաբերող տարբեր հիվանդությունների տարածմանը, կանխարգելմանն ու բուժմանը, ինչպես նաև ոլորտում արդիական մեթոդների ներդրման անհրաժեշտությանը վերաբերող հարցեր։
Միջոցառման ընթացքում ցուցադրվեց ֆիլմ՝ անասնաբույժ մասնագիտության կարևորության և ոլորտում առկա մարտահրավերների վերաբերյալ։ Անասնաբույժի օրվա կապակցությամբ շնորհակալագրեր հանձնվեցին ոլորտում ներդրում ունեցած անասնաբույժներին։
«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: