NEWSARM

Սպանդանոցների անասնաբույժ-փորձագետներին հանձնվեցին վերապատրաստման հավաստագրեր

2020 թվականի սեպտեմբերի 16-ին, ժամը 11:00-ին ՀԱԱՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ սպանդանոցների անասնաբույժ-փորձագետների վերապատրաստումը հաջողությամբ անցած մասնակիցների հավաստագրի հանձնման արարողությունը:

Սպանդանոցների անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթացը կազմակերպվել և իրականացվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ և «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ:

Առցանց համակարգի միջոցով դասընթացի կազմակերպումն իրականացվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կողմից տրամադրած առցանց ուսուցման «Մուդլ» համակարգի շնորհիվ։

Դասընթացը նպատակ էր հետապնդում ապահովել վերապատրաստված մասնագետներով հուլիսի 1-ից իրենց գործունեությունը սկսող բոլոր սպանդանոցներին։

Սպանդանոցների անասնաբույժ-փորձագետների վերապատրաստումը մեկնարկել է 2020 թվականի հունիսի 8-ին և ավարտվել օգոստոսի 25-ին: Վերապատրաստման առաջին 5 շաբաթվա ընթացքում մասնակից անասնաբույժները ստացել են տեսական գիտելիքներ, իսկ վերջին շաբաթվա ընթացքում սպանդանոցներում և լաբորատորիաներում անցկացված պրակտիկայի միջոցով ամրապնդել յուրացրած գիտելիքները։

Սպանդանոցի անասնաբույժ–փորձագետների վերապատրաստման տեսական առցանց դասընթացին մասնակցել է 123 մասնագետ: Անասնաբույժ փորձագետի հավաստագիր ստացան տեսական և գործնական դասընթացները բարեհաջող ավարտած 67 մասնագետ: