NEWSARM

Կայացավ ՄԿՈւ ոլորտում ծրագրեր իրականացնող դոնոր կազմակերպությունների երկխոսության/քննարկումների հարթակի թվով չորրորդ հանդիպումը

Ս.թ. օգոստոսի 26-27-ը «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) հետ համատեղ, Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Համագործակցության խթանում` հանուն ՄԿՈՒ ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունավետ հնարավորությունների» ծրագրի շրջանակներում կազմակերպեց ՄԿՈւ ոլորտում ծրագրեր իրականացնող դոնոր կազմակերպությունների երկխոսության/քննարկումների հարթակի թվով արդեն չորրորդ հանդիպումը՝ նպատակաուղղված իրականացվող ծրագրերի համակարգմանը, փորձի փոխանակմանը և հետագա անելիքների քննարկմանը:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի, Եվրոպական կրթական հիմնադրամի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության, «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամի, Գերմանիայի Դաշնության Մեկլենբուրգ-Ֆորպոմերանիա Դաշնային տարածաշրջանային էկոնոմիկայի ուսումնական կենտրոնի, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի, «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության, «Վորլդ Վիժն» միջազգային  բարեգործական կազմակերպության, «Ֆերտի» ՀԿ-ի ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում կազմակերպությունները ներկայացրեցին ՄԿՈՒ ոլորտում իրենց կողմից իրականացվող ծրագրերը: Երկրորդ օրը ՀՀ ԿԳՄՍՆ նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը ներկայացրեց Կրթության ռազմավարության ծրագրի նախագիծը:

Ինչպես նախորդող, այնպես էլ այս հանդիպումը հանդես եկավ որպես ՄԿՈՒ ոլորտում տեղեկատվության, հետագա համագործակցության, արդյունավետ աշխատանքի և փորձի փոխանակման հարթակ: