SuccessStoriesARM

ԵՄ աջակցության շնորհիվ «Լավլի Գորիս» հոսթելի ամրագրումների քանակը տասնապատիկ աճ է գրանցել

 Ժիրայր Մարտիրոսյանը եւ Նադեժդա Սեւոյանը Գորիսում առաջիններից էին, որ 2003-ին գործարկեցին հոսթելի գաղափարը: Այդ պահից ի վեր նրանք հյուրեր են ընդունում աշխարհի տարբեր երկրներից: Երբ 2017 թ.-ի վերջին նման հնարավորություն ընձեռվեց, հոսթելը որպես շահառու ներգրավվեց «Տարածաշրջանային ՓՄՁ-երի մրցունակության խթանում» ծրագրում, որն իրականացվում է Հայաստանի Փոքր և Միջին Ձեռնարկությունների Զարգացման Ազգային Կենտրոնի (ՀՀ ՓՄՁ ԶԱԿ), «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ և այլ գործընկերների կողմից համատեղ և  ֆինանսավորվում է Հայաստանում Եվրոպական Միության և ՀՀ Տարածքային Կառավարման և Զարգացման Նախարարության կողմից:

Հոսթելն առանձնանում էր իր հարմարություններով, համեղ ուտեստներով, որոնք տանտիրուհու կողմից տեղում պատրաստվում են հայկական ավանդական բաղադրատոմսերով և միայն թարմ սննդամթերքով, ինչպես նաև հոսթելի յուրահատուկ ներքին հարդարանքով`սեփականատիրոջ` ժամանակակից գեղանկարիչ Ժիրայրի աշխատանքների ցուցադրությամբ: Սակայն հյուրընկալության ոլորտի կառավարման, առցանց մարքեթինգի և առաջխաղացման հմտությունների բացակայության պատճառով գրանցված առաջընթացը բավականին դանդաղ էր:

ՓՄՁ-ներին տրամադրվող շարունակական գործարար խորհրդատվության շրջանակներում ՌԶԳ թիմը լուծեց մի քանի կարեւոր խնդիրներ, որոնք խոչընդոտում էին ձեռնարկության աճը: Միեւնույն տարածքում գործող Գորիս հյուրանոցի հետ շփոթմունքից խուսափելու համար «Գորիս Հոսթելը» «Լավլի Գորիս» վերանվանվեց: Լուծվեցին հյուրընկալության ոլորտի միջազգային ամրագրման հարթակներում (ինչպիսին է, օրինակ, Booking.com-ը) հոսթելի ներկայացման հետ առկա խնդիրները: Այս աշխատանքի արդյունքում մի քանի ամիս տևած դադարից հետո հոսթելը կրկին սկսեց ամրագրումների պատվերներ ստանալ: Տրամադրվող գործարար խորհրդատվության երկրորդ փուլի շրջանակներում ՌԶԳ թիմը, օգտագործելով առկա հնարավորությունները, երկու լրացուցիչ ծառայություն մշակեց  ձեռնարկության համար: Ժիրայրը, ով ճանաչված գեղանկարիչ է, սկսեց հոսթելի այցելուներին առաջարկել արվեստի թեմատիկայով էքսկուրսիաներ Գորիս քաղաքում, ինչպես նաև վարպետության դասեր հին Գորիսի բնական քարանձավում գտնվող իր արվեստանոցում: Սյունիքի մարզի արվեստով, պատմությամբ եւ մշակույթով հետաքրքրվող ճանապարհորդների համար մշակված այս փաթեթի շնորհիվ հոսթելը կրկին առանձնացավ քաղաքում հյուրընկալության ոլորտում գործող այլ ձեռնարկություններից` արդյունքում ստեղծելով իր համար հատուկ հաճախորդների թիրախային խումբ:

ՌԶԳ թիմը ձեռնարկության զարգացմանն ուղղված այլ միջոցառումների թվում կազմակերպեց և իրականացրեց տասնյակից ավելի զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչների այց ծրագրի շահառու ձեռնարկություններ` նպատակ ունենալով վերջիններիս ներգրավել զբոսաշրջային գործակալությունների գործընկերների շարքում: Արդյունքում` տրամադրվող գործարար խորհրդատվության եւ շուկայի հասանելիության ծառայությունների փաթեթի շրջանակներում ծրագրի հետ համագործակցության ընդամենը մի քանի ամիսների ընթացքում «Լավլի Գորիս» հոսթելը 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին ստացավ ավելի քան 40 ամրագրման պատվեր, ի տարբերություն 3-ի նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` միաժամանակ գրանցելով կայուն աճ:

«Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության Պատվիրակության և ՀՀ Տարածքային Կառավարման և Զարգացման Նախարարության կողմից: Ծրագրի հիմնական նպատակն է խթանել տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակությունը և ստեղծել աշխատատեղերի կայուն հնարավորություններ Հայաստանի Լոռվա, Սյունիքի և Արմավիրի մարզերում: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Փոքր և Միջին Ձեռնարկությունների Զարգացման Ազգային Կենտրոնի (ՀՀ ՓՄՁ ԶԱԿ) կողմից`«Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ, «Արմավիր Զարգացման Կենտրոն» (ԱԶԿ) ՀԿ, «Սպիտակ-Ֆերմեր» (ՍՖ) ՀԿ, և «ՍՅՈՒՆ Խորհրդատվական-կրթական» (Սյուն) ՀԿ հետ համատեղ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *