ProjectPortfolioARM

«Անասնապահության զարգացում Հայաստանի հյուսիսում»

«Անասնապահության զարգացում Հայաստանի հյուսիսում» ծրագիրը, որն իրականացվում է «Ռազմավարական Զարգացման Գործակալություն»(ՌԶԳ) ՀԿ-ի և ֆինանսավորվումˋ Ավստրիական Զարգացման ԳործակալությանˋԱվստրիական զարգացման համագործակցության գործառնական միավորի (ԱԶՀ) կողմից, ներգրավում է ՀՀ Տավուշի և Գեղարքունիքի մարզերի 12 գյուղական համայնքˋ 15,000 բնակչությամբ (4,500 տնտեսություն): Ծրագրի գործընկերներն են ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը, Տավուշի և Գեղարքունիքի մարզպետարանները և տեղական ինքնակառավարման մարմինները (ՏԻՄ-րը):

Այս ծրագիրը «Գյուղատնտեսական Խորհրդատվական Ծառայություններ և Արոտավայրերի Կառավարում Տավուշի Մարզում (Հայաստանի Հյուսիս)» ծրագրի տրամաբանական շարունակությունն է, որը սկսել է 2012 թվականի նոյեմբերին և շարունակվել մինչև 2015 թվականի հոկտեմբեր: Ծրագրի նոր փուլը մշակվել էˋ հիմք ընդունելով նախորդ ծրագրից ստացված արդյունքներն ու նվաճումները և նպատակ ունի խորացնել, ընդլայնել և տարածել ստացված արդյունքներն ու ձեռքբերումները:

Ծրագրի նպատակն էˋ նպաստել թիրախային համայնքներում եկամուտների ավելացմանն ու աղքատության կրճատմանը՝ անասնապահության ոլորտի կայուն զարգացման և շուկաների բարելավված հասանելիության շնորհիվ:

Ծրագրի բաղադրիչներն ենˋ

– Արոտավայրերի հասանելության բարելավման և կայուն կառավարման իրականացման բաղադրիչ, որի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել թիրախային համայնքների կին և տղամարդ ֆերմերների համախմբում և նրանց կարողությունների զարգացում` համայնքային արոտավայրերի կառավարման ռազմավարություններ մշակելու և կիրառելու, արոտների ենթակառուցվածքները բարելավելու, դաշտային կերարտադրությունը խթանելու, ինչպես նաև գյուղատնտեսական կենդանիների կերապահովման վիճակը բարելավելու նպատակով:

– Շուկայի (կաթի և մսի) հասանելիության բաղադրիչ, որի շրջանակներում նախատեսվում է խթանել կաթի և մսի շուկաների զարգացումը՝ կայուն շուկայական մեխանիզմների և արժեշղթայի մասնակիցների միջև (արտադրողներ, գնորդներ, վերամշակողներ) պայմանագրային հարաբերությունների ստեղծման և նրանց աջակցության, կաթի և մսի արտադրության/մատակարարման խթանման, հավաքման ենթակառուցվածքների բարելավման միջոցով:

– Ֆերմերներին և ֆերմերային տնտեսություններին աջակցող ծառայությունների հասանելիության բաղադրիչ, որի շրջանակներում կազմակերպվող ուսուցումների, ճանաչողական այցերի, ինչպես նաև հիմնվող անասնաբուժական կետերի, անասնաբուծության վարման ժամանակակից և արդյունավետ տեխնոլոգիաների ներկայացման, ներդրման, շարունակական խորհրդատվության տրամադրման միջոցով նախատեսվում է բարելավել ֆերմերների կարողությունները, բարձրացնել և ամրապնդել ֆերմայի արտադրողականությունը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *