ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԵԼԻՔԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

«Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագիրը իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից SIDA-ի գործընկեր  HELVETAS Swiss Intercooperation-ի աջակցությամբ:

Պիլոտային ծրագիրը աջակցում է գործազուրկ կանանց և երիտասարդներին, ինչպես նաև խոցելի խմբերի այլ ներկայացուցիչներին բարելավելու իրենց (ինքնա)զբաղվածությունը (եկամտաբեր և աշխատանքի հնարավորություններ ընձեռող)՝ բարձրացնելով հմտություններ և գիտելիք մատուցող պետական և մասնավոր հատվածում գործող կազմակերպությունների և գործատուների կարողությունները և մոտիվացիան՝ համագործակցելու, մշակելու և առաջարկելու տուրիզմի/ հյուրընկալության և գյուղատնտեսության/ագրոբիզնեսի ոլորտներում բարելավված և աշխատաշուկայի կարիքներին համապատասխան ֆորմալ և ոչ-ֆորմալ դասընթացներ: Պիլոտային ծրագիրն ունի երկու գերակա խնդիր. ա) հմտությունների զարգացում, որն ուղղված է ունենալու աշխատաշուկայի և ապագայի կարիքներին համապատասխան դասընթացների մատուցման բարելավված համակարգ, բ)  զբաղվածություն կամ աշխատաշուկայի հասանելիություն, որն ուղղված է նպաստելու գործող համակարգերի և ծառայությունների զարգացմանը՝ համատեղելով  շահագրգիռ կողմերի հմտությունները և զբաղվածության կամ եկամտաբեր աշխատանքի առկա հնարավորությունները:

Կիրառելով Շուկայական համակարգերի զարգացման (MSD) մոտեցումը` պիլոտային ծրագիրը նպատակ ունի  ամրապնդելու գործատուների, ՄԿՈՒ հաստատությունների, ոչ-ֆորմալ դասընթացներ/կարիերայի կողմնորոշման ծառայություններ մատուցողների և աշխատանք փնտրողների (մասնավորապես երիտասարդներ և կանայք) միջև գործընկերությունը: Շուկայի տարբեր դերակատարների միջև սերտ համագործակցությունը և արդյունավետ գործող հմտությունների զարգացման համակարգը ընդհանուր առմամբ կօգնեն նվազեցնել գործազրկությունը և ստեղծել ավելի բազմազան հնարավորություններ գործազուրկ երիտասարդների և կանանց համար:

«Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագիր

Այս ծրագիրը “Անասնապահության զարգացում Սյունիքի մարզում” լայնածավալ ծրագրի տրամաբանական շարունակությունն է, որն իրականացվում է “Ռազմավարական Զարգացման Գործակալություն” (ՌԶԳ) ՀԿ-ի և ֆինանսավորվում “Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության” (ՇԶՀԳ) կողմից: Ծրագիրը մշակվել է հաշվի առնելով նախկին ծրագրով ստացած արդյունքները, ձեռքբերումներն ու քաղած դասերը:

Ծրագրի նպատակը ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում անասնապահության ոլորտում ներգրավված տղամարդ և կին ֆերմերների եկամուտների աճի և տնտեսական հնարավորությունների ընդլայնումն է: Այն ընդգրկում է Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի 100 գյուղական համայնք` շուրջ 60,000 բնակչությամբ կամ 14,000 տնտեսությամբ:

Ծրագրի հիմնական նպատակներն ենˋ

– Կին և տղամարդ ֆերմերների համար առավել արդյունավետ գործող կաթի և մսի շուկաների հասանելիության բարելավում` հուսալի շուկայական մեխանիզմների զարգացման և շուկայի մասնակիցների միջև վստահելի կապերի ձևավորման շնորհիվ:

– Կին և տղամարդ ֆերմերների` ֆերմերային տնտեսության վարման նոր մոտեցումներ և մեթոդներ կիրառելու կարողությունների բարելավում` ամրապնդելով և զարգացնելով մսի և կաթի արժեշղթայի մասնակիցների`անասնապահության մեջ ներգրավված կին և տղամարդ ֆերմերներին խորհրդատվական և տեղեկատվական ծառայություններ տրամադրելու կարողությունները, ինչպես նաև իրականացնելով ֆերմերային տնտեսությունների արտադրողականության բարձրացմանն ուղղված առանձին խորհրդատվական միջոցառումներ (ուսուցում, փորձի փոխանակում, անհատական խորհրդատվություն և այլն):

– Կին և տղամարդ ֆերմերների համար գյուղատնտեսական պարագաների և աջակցող ծառայությունների (ինչպիսիք են` անասնաբուժական ծառայությունները, կենդանիների արհեստական սերմնավորումը և կենդանիների ցեղատեսակի բարելավումը, գյուղատնտեսական պարագաների և ծառայությունների մատակարարումը և այլն) հասանելիության բարելավում` սահմանափակ ներդրումային նախաձեռնությունների, մատակարարների կարողությունների զարգացման, համապատասխան պետական կառույցների հետ երկխոսության հաստատման շնորհիվ:

– Տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների հզորացում` աջակցելու գյուղերի տնտեսական աճին և մասնավորապես` անասնապահության ոլորտի զարգացմանը` համայնքային և մարզային իշխանությունների կարողությունների հզորացման միջոցով, այն է` առավել արդյունավետ կատարել իրենց գործառույթները, արձագանքել անասնապահության ոլորտում ֆերմերների կարիքներին, երկխոսություն հաստատել ազգային մակարդակով գործող պետական կառույցների հետ:

Ծրագրի շրջանակներում կիրառվում է “Շուկաներ Աղքատների Համար” (M4P) մոտեցումը, որն ուղղված է նպաստելու անասնապահության ոլորտում տևական և կայուն փոփոխությունների ամրապնդմանը` տարածաշրջանում բնակչության եկամուտների աճի և աղքատության կրճատման նպատակով: